Ինչ վիճակում է երիտասարդը, որին դանակահարել է մորեղբայրը. Շիրակի ողբերգության հետքերով

25 տարեկան երիտասարդն անկողնում է եղել, երբ մորեղբայրը դանակով հարձակվել է նրա վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Բասեն գյուղում այսօր դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ երիտասարդը՝ 25–ամյա Վահագն Կանդալյանը հիվանդանոց է տեղափոխվել վերին վերջույթների կտրած-ծակած տարածուն վերքերով:

«Այս պահին երիտասարդը ստանում է համապատասխան բուժօգնություն: Վիճակը կայուն է»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք` այսօր Բասեն գյուղում 59-ամյա մի տղամարդ գնացել է քրոջ տուն, մտել գոմ, որտեղ քույրը կովերին է կթել, և դանակով կտրել է քրոջ վիզը։ 61-ամյա կինը տեղում մահացել է։

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդուն

Տղամարդը մտել է նաև քրոջ տուն ու դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։

25-ամյա երիտասարդը փորձել է քեռուն վնասազերծել, ուստի արնաքամ լինելով դիմադրություն է ցույց տվել։ Քեռին տեղի է տվել ու հեռացել։

Երիտասարդը ձայն է տվել հարևաններին ու ազգականներին, որոնք վրա են հասել՝ օգնություն ցույց տալու։ Երիտասարդին տեղափոխել են Գյումրու հիվանդանոց։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։

Ահազանգին վրա հասած իրավապահներն ու գյուղացիները 59-ամյա տղամարդուն գտել են քրոջ տան նկուղում՝ առաստաղից կախված և մահացած։