ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։ Գևորգ Դանիելյանը ժամանակավորապես կփոխարինի Գագիկ Հարությունյանին։
Այս մասին ասված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվել են 2019 թվականի մայիսի 24-ին` հրաժարականի դիմում ներկայացնելու պահից։
Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` նշելով, որ այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի ու խորհրդի անդամի կարգավիճակներում։
Գևորգ Դանիելյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։ 2007–2010 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։