Արշիլ Գորկու ընկերն ու Վիլյամ Սարոյանի մտերիմը. ո՞վ էր ի վերջո Ենովքը

Խոսքը, միանգամից հստակեցնենք, ամերիկահայ քանդակագործ, նկարիչ, նաև ժողովրդական, ազգագարական երգերով հանդես եկած Ենովք Հակոբի Տեր-Հակոբյանի մասին է: Անգամ ժլատ կենսագրական տեղեկությունները, որ կարելի է գտնել համացանցում, հուշում են, թե ինչ հետաքրքրական ու վայրիվերումներով հարուստ կյանք ապրած հայրենակցի մասին է խոսքը:
Sputnik

Իսկ ծնվել է Ենովք Տեր-Հակոբյանը 1900 թվականի մայիսի 24-ին, Իշխանիկում (Հայոց ձոր), որ գտնվում է Վանի մոտակայքում: Դատելով ամենից, նա հասցրել է մասնակցել նաև Վանի 1915-ի հայտնի պաշտպանությանը: Որոշ ժամանակ անց, Տեր-Հակոբյանի ընտանիքը, Մեծ եղեռնից փրկվելով, հանգրվանել է Երևանում:

Միամտության աշխարհի ռեկո՞րդ. «նիգերիական նամակին» հավատացած և խոշոր գումարից զրկված հայը

Ենովք Տեր–Հակոբյանը արվեստի դասեր է վերցրել Թիֆլիսում, որոշ ժամանակ աշխատել է Մերձավոր Արևելքի օգնության հիմանդրամում, 1918-1923 թվականների միջակայքում եղել է նաև Նոր Բայազետի, Երևանի որբանոցների տնօրեն:

Հետաքրքիր է, որ 1921 թվականին, Փետրվարյան ապստամբության ժամանակ նա անցել է զինվորական ծառայության ու բոլշևիկների կրակոցներից Երևանի պաշտպանության ժամանակ վիրավորվել է ոտքից: Ու այդ ծանր վնասվածքի հետևանքով մնացել է կաղ, փամփուշտը՝ ոտքում։

Բայց 1923-ի նոյեմբերին գաղթել է Ամերիկա: Ու թերևս ճիշտ է արել, քանզի բոլշևիկյան իշխանությունը հազիվ թե ներեր նրան Փետրվարյան ապստամբությանն ու Երևանի պաշտպանությանը մասնակցելը: Ի վերջո, 1937-ին շատ ավելի աննշան բաների համար էլ էին գնդակահարում:

Ենովք Տեր-Հակոբյանը նախ, մեկնում է Նյու Յորք, հետո՝ Ուոթերթաուն, որտեղ էլ հանդիպում է Արշիլ Գորկուն:

Ոստանիկ Ադոյանը սիրով ընդառաջում է հայրենակցին, Ենովք Տեր Հակոբյանի համար աշխատանք է գտնում կաուչուկի գործարանում: Աստիճանաբար հարմարվելով նոր երկրի նիստուկացին, Ենովքը 1926 թվականին սկսում է հաճախել Մասաչուսեթսի արվեստի դպրոցի նկարչության ու գծանկարչության երեկոյան դասընթացներին, իսկ արդեն 1930-ական թվականներին հադնես է գալիս խմբակային և անհատական ցուցահանդեսներով: Ուոթերթաունում բնակվելու շրջանում ստեղծել է հայ ընտանիքի կացությունը նկարագրող է «Գիշերն աքսորավայրում» փորագրությունը:

Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին

Բայց դա էլ ամենը չէ: Մի քանի տարի անց, 1942-ին Հայմեն Բլումը՝ Ենովք Տեր-Հակոբյանը ծանոթացնում է Ալան Հովհաննեսի (Ալան Չաքմաքչյան), որին շատ են տպավորում հայրենակցի ձայնը ու ավանդական հայկական ժողովրդական երաժշտության վերաբերյալ  նրա գիտելիքները: Ալան Հովհաննեսը, որ համարվում է 20-րդ դարի ամենից բեղուն կոմպոզիտորներից մեկը, մեծ ոգևորությամբ զբաղվում է Ենովք Տեր-Հակոբյանի կատարած երգերի ձայնագրմամբ ու նոտագրմամբ։

Դա արտացոլված է կոմպոզիտորի  «Opus 176» գործում՝ «Ենովք» անվանմամբ:

Իսկ մեր անդրադարձի հերոսը՝ Ենովք Տեր-Հակոբյանը 1943 թվականին թողարկում է իր առաջին ալբոմը, որն ընդգրկում է ժողովրդական 8 երգ։ Նույն 1943-ին, ձմռանը նա տեղափոխվում է Ֆրեզնո, որտեղ շարունակում նկարել ու փորագրությամբ զբաղվել:

Զարմանալի չէ, որ Ֆրեզնոյում ծանոթանում է Ուիլյամ Սարոյանի հետ, իսկ կարճ ժամանակ անց թողարկում է երգերի նաև երկրորդ ալբոմը: Ի դեպ, կա նշում, որ 1947-ին նա համերգով հանդես է եկել հայտնի Կարնեգի հոլում։

Ենովք Տեր-Հակոբյանը մահացել է 1966-ին, թողնելով բավականին բազմակողմանի  ժառանգություն՝ ի դեմս փորագրությունների, կտավների ու ձայնագրված երգերի:

Եվ չնայած նա Արշիլ Գորկու նման հանրահայտ նկարիչ չի դարձել, Ալան Հովհաննեսի պես բեղուն երգահան չի եղել ու, ի տարբերություն Սարոյանի, ընդհանրապես չի գրել, բայց զգացվում է, որ նրանց հետ ընկերական կամ պարզապես բարեկամական շփումների ընթացքում իր կարևոր ու սրտամոտ մասնիկներ է փոխանցել բոլորին:

Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը

Ի դեպ, Նյու Յորքում, ուր հանգրվանել է Ենովք Տեր-Հակոբյանը 1950-60-ականներին, տան բակում ստեղծել է քանդակներ՝ քարե Արարատ լեռ, Վանա և Սևանա լճերը և հարազատ այլ պատկերներ:Հավելենք, որ 1985 թվականին, Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Արլինգտոնի գերեզմանատանը ցուցադրվել է Ենովք Տեր-Հակոբյանի՝ Վանի տեսարաններով «1915 թվականի անթիվ նահատակների հիշատակին» փայտե քանդակը, 2015 թվականին նրա կտավներն ու փայտե փորագրությունները ցուցադրվել են Բրուկլինի Bishop պատկերասրահում, իսկ  2016 թվականին Ամերիկայի հայկական թանգարանում ներկայացվել է մեր հայրենակցի 20 աշխատանք՝ «Ամերիկահայ նկարչի չպատմված պատմությունը» վերնագրով: