Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել, բայց չի ստացվում. գնդապետ

ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է։ Այսօր լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա ասաց, որ ի տարբերություն անցած տարվա, երբ հակառակորդը որոշ տեղերում առաջ էր շարժվել, այս տարի շփման գիծը կայուն է։

«Իհարկե, հակառակորդը հիմա էլ ձգտում է, ժամանակ առ ժամանակ փորձում է նոր դիրքեր գրավել, սակայն այդ փորձերը վճռականորեն կասեցվում են մեր կողմից։ Ժամանակ առ ժամանակ լինում են գնդակոծություններ, մասնավորապես ինժեներային աշխատանքների ժամանակ։ Բայց իրավիճակը լիովին վերահսկվում է մեր կողմից», – ասաց Փիլոյանը։

Նա հայտնեց, որ անցած տարի Ադրբեջանի կառուցած դիրքերը հիմա լքված են։ Գնդապետի խոսքով` ադրբեջանցիները լքել են դիրքերը ձմռանը նորմալ մատակարարմամբ ապահովելու անհնարինության պատճառով։

Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են Նախիջևանի սահմանը. Փաշինյան

Անցած տարի ադրբեջանական զինված ուժերը նոր դիրք էին կառուցել իրենց տարածքում։ Ավելին, պահակակետերի միջև տարածությունն առանձին հատվածներում հասել էր 3-4 կիլոմետրի բարդ լեռնային տեղանքի պայմաններում։

Պաշտոնական Բաքվի հաղորդագրությունների համաձայն` Ադրբեջանը կարողացել էր Նախիջևանում վերահսկողության տակ վերցնել 11 հազար հա տարածք։ Հետո պարզվել էր, որ այդ տարածքներն այդպես էլ մնացել սահմանի այն կողմում, այսինքն Ադրբեջանի տարածքում։