ԲՀԿ-ն առաջարկում է ավտոբուսներով գնալ մարզեր, արտագնա նիստեր անել ու չֆշշացնել իրար վրա

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է ԱԺ արտագնա նիստեր կազմակերպել մարզերում: Կառավարությունը խորհուրդ է տալիս 2 ամիս սպասել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ԲՀԿ-ն առաջարկում է ԱԺ արտագնա նիստեր անցկացնել մարզերում: Այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԲՀԿ առաջարկը ներկայացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. նախագիծն ընդունվեց

«Ոչ մի ծախս էլ չի ավելանա: Առավոտյան 4-5 ավտոբուսով կգնանք մարզ: Այդ ընթացքում կքննարկենք մարզի խնդիրները, կկազմակերպենք նաև քաղաքացիների ընդունելություն: 134 պատգամավոր միանգամից կընդունեն ու կլսեն ժողովրդին»- ասաց Բագրատյանը,-  ի վերջո այդ կոլեկտիվիզմը մենք ավելի ենք կարևորում, քան թե այստեղ իրար վրա ֆշշացնելը»:

Նիստին ներկա ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կատակեց. «Ֆշշացնում են, երբ տեսախցիկներ են ներկա»: Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց» «Նիստերը փակ կանցկացնենք, առանց լրատվամիջոցների»:

Թե ինչ կարգով ու ինչպես է հնարավոր կազմակերպել ԱԺ արտագնա աշխատանքը, դեռ հստակ չէ: Դրա համար կառավարությունն ու խորհրդարանը պայմանավորվել են ԲՀԿ-ի առաջարկած օրինագծի քննարկումը հետաձգել 2 ամսով ու այդ ընթացքում դրան տալ առավել առարկայական բնույթ: