Թատերականի դռները բաց են. ուսանողները գնացին ԿԳ նախարարի հետ հանդիպման

ԿԳ նախարարը համաձայնել է ընդունել ուսանողներին, բայց մեկ պայմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարարը պատրաստ է ընդունել Թատերականի ուսանողներին` լսելու նրանց բողոքը։ Այս մասին բուհում բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Թուխիկյանը։

Բաբայանը դիմում գրեց, նոր ռեկտորն ու ուսանողները համաձայնության չեկան. Թատերականում թեժ է

«Նախարարն այժմ կառավարությունում հանձնաժողովի նիստի է, սակայն ինձ ասաց, որ  պատրաստ է ընդունել ձեզ, լսել ձեր բողոքը, բայց մեկ պայմանով։ Նախարարն ասաց, որ  պետք է բացեք բուհի դռները` չխոչընդոտելով մարդկանց ելումուտը»,–ասաց Թուխիկյանը` հավելելով, որ ուսանողները կարող են առանձնանալ ու մտածել նախարարի առաջարկի մասին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում բուհի ուսանողներից Ռոմենը նշեց, որ իրենք համաձայնել են նախարարի առաջարկությանը։ «Քննարկեցինք ու որոշեցինք` 7 հոգով գնալ նախարարի մոտ։ Իսկ թե ինչ քայլեր կանենք առաջիկայում` կորոշենք նախարարի հետ զրույցի ավարտից հետո»,–ասաց նա։

Ուսանողները բացեցին բուհի դռները, և բուհի ներսում սպասում են մյուսների վերադարձին։

Թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի. ուսանողները փակել են բուհի մուտքն ու ելքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 14 կողմ, 9-ը դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ այսօր բուհի ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն` ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը։ Դրանից հետո ուսանողները բողոքի ակցիա կազմակերպեցին` փակելով բուհի մուտքն ու ելքը։ Ուսանողները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքը և նոր ընտրություն նշանակել։

Ռեկտորի միակ թեկնածուն բուհի ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանն էր։ Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Նրանք, սակայն, չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումներից որևէ մեկը (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։