ՌԱԴԻՈ

Առողջապահության էլեկտրոնային համակարգը ե՞րբ ամբողջությամբ հասանելի կլինի Հայաստանում

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ամենակարևոր առավելությունն այն է, որ պացիենտը և բժիշկը կարողանում են տեսնել պացիենտի առողջության պատմությունն ամբողջությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական և Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը:
Sputnik

Էլեկտրոնային առողջապահության համակարգը շատ վաղուց առկա է ՀՀ-ում տարբեր համակարգերի միջոցով: 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվել է էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգը, որը բոլոր բուժհաստատություններին կապում է իրար հետ, և պացիենտի ամբողջ գրառումները նույնականացնում է հանրային ծառայության համարանիշով:

Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

«Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս, որ մի պացիենտի համար լինի մի գրառում մի տվյալի վրա հիմնված և արդյունքում՝ որոնման, կամ ինչ-որ գրառում անելու ժամանակ բժիշկը կկարողանա տվյալ հիվանդի ամբողջական պատմությունը գտնել ու դիտել» - ասում է մասնագետը:

Ծաղկանուշ Սարգսյանի խոսքով՝ երբ մարդիկ ունեն տարբեր ամբուլատոր քարտեր, ապա տվյալները կա՛մ փոխանցում են, կա՛մ կիսատ են փոխանցում բժշկին: Սակայն պետք է հիշել, որ բժիշկը պատասխանատու է իր հիվանդի առողջության համար, նա պետք է տիրապետի այդ ամբողջ ինֆորմացիային: Համակարգի կարևոր դերակատարումն էլ դա է:

«Հիմա համակարգը գործում է պետական պատվեր իրականացնող բուժհաստատությունների համար և իրականացնում է պետպատվերի մասով ֆինանսական բլոկը: Այսինքն՝ հնարավորություն է տալիս ընդունել պետության կողմից ֆինանսավորվող բոլոր կատարված ծառայությունները և իրականացնել դրանց ֆինանսավորումները»,- ասում է նախարարի խորհրդականը:

Սարգսյանը նշում է, որ այժմ ներդրվել է էլեկտրոնային ուղեգիրը, որը թեստավորումն անցնելուց հետո հնարավորություն կտա մարդկանց ձեռքը չդնել ուղեգրի թղթային տարբերակը:

Թորոսյան․ «Ամրագոտու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ խուսափեն խախտումից»

«Մարդը ստացավ ուղեգիրը, ինքը ցանկացած հիվանդանոց կգնա, և այնտեղ այդ ուղեգիրը հիվանդանոցը կտեսնի ու կռեալիզացնի: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այդ թուղթը մեզ մոտ պահելու, կորցնելու, ինչ-որ տեղ մոռանալու խնդիրներից ազատվում ենք»,-ընդգծում է նա:

Նրա խոսքով` էլեկտրոնային առողջապահության համակարգը մի քիչ շտապողականությամբ ներդրվեց։

«Այդ պահին մենք նույնիսկ իրավական կարգավորումները չունեինք: Օրենքն արդեն շրջանառության մեջ է, մշակված է, սպասում ենք հաստատման, որպեսզի կարողանանք համակարգն ավելի լայն թափով և մեծ արագությամբ ներդնել»,- ասում է Ծաղկանուշ Սարգսյանն ու հավելում, որ աշխատանքներ են տարվում նաև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ կապված, և առաջիկայում մարդիկ մի շարք խնդիրներից կազատվեն:

Ըստ մասնագետի՝ էլեկտրոնային դեղատոմսն էլեկտրոնային առողջապահության մեջ ամենակարևոր կետերից մեկն է համարվում: