Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ կտա մի քանի օր անց ուժի մեջ մտնող փաթեթը

Ընկերությունները Հայաստանում գործում են այնպես, ինչպես աշխարհում արել են դեռ 19–րդ դարի վերջին, 20–րդ դարի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik.Հայաստանում հանքարդյունահանող ընկերություններն օգտագործում են արդյունահանման բարբարոսական մեթոդներ` ուշադրություն չդարձնելով բնապահպանությանը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով իրական սեփականատերերի անունները բացահայտելու անհրաժեշտությունը։

Ավելի շատ հող, բայց ավելի քիչ ջուր. Զանգեզուրի հանքավայրում խոսել են ապագա ծրագրերից

Մայիսի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդերքի ոլորտի մասին, հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Վկայակոչելով փորձագետներին` նա նշել է, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանան բացահայտել, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել։

«Այժմ կա օրենսդրական պահանջ, ավելին` կա նաև քաղաքական կամք։ Կարող ենք ակնկալել, որ հուլիսի 1–ից պահանջը կկատարվի։ Այդ հարցը բարձրացրել է ո՛չ միայն Հայաստանը, դա արդեն միջազգային փորձ է», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` հասարակությունը պետք է իմանա, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ կազմակերպությունները, որովհետև եթե փորփրես և իմանաս, թե իսկապես ովքեր են ընկերությունների սեփականատերերը, ապա դուրս կգաս նախկին պաշտոնյաների վրա։ Իսկ հիմա մարդիկ արդեն չեն կարող զբաղվել տնտեսական գործունեությամբ և թաքցնել այդ փաստը։

«Մի յուրահատկություն կա, որով լեռնահանքային ոլորտը տարբերվում է մյուսներից. ընդերքը պատկանում է երկրին, Հայաստանի քաղաքացիներին։ Եվ քաղաքացին պետք է իմանա, թե ում են հանձնել երկրի ընդերքի օգտագործումը», – նշեց Խաչատրյանը։

Հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը ցույց կտան իրենց «իրական դեմքը»

Մտավախությունները, թե նման օրենքի առկայությունը կվախեցնի ներդրողներին, միշտ են եղել։ Բայց Խաչատրյանի խոսքով` ամբողջ աշխարհում կա նման փորձ, դա լոկալ գործընթաց չէ։

Հետևաբար այդ առումով ներդրողների համար ոչ մի տարբերություն չի լինի, թե որտեղ ներդրում անեն։ Տվյալ պահին Հայաստանի համար ավելի կարևոր է` որքանով են օրինական այս ոլորտում տեղի ունեցող գործընթացները։

«Հաշվի առնելով Հայաստանում ընթացող գործընթացները` կարևոր է իմանալ, թե որքանով են նախորդ պաշտոնյաները ներգրավված այս ոլորտում, ինչ ունեցվածք ունեն», – ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր ոլորտին, ապա այն շատ հեռու է միջազգային չափանիշներից։ Ընկերությունները ոչ մի պատասխանատվություն չեն կրում բնապահպանական և սոցիալական առումով։

«Նրանք բարբարոսաբար են մշակում հանքերը` 19–րդ դարի վերջի ու 20–րդ դարի սկզբունքներով։ Անհրաժեշտ ամեն ինչ արդյունահանվում է, իսկ հետո ինչ կլինի, ինչպիսի խնդիրներ կծագեն, ոչ ոքի չի հետաքրքրում։ Նախկին իշխանությունները երբեք չեն բարձրացրել այդ հարցը», – նշեց տնտեսագետը։

Ամուլսարի հանքավայրի կռիվները տեղափոխվում են դատարան. պարզաբանումներ

Այժմ ընկերությունները պարտավորություններ կունենան թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական հարցերի, թե՛ հարկեր վճարելու առումով։

Վերջին տարիներին հանքաքարի արտահանումը լուրջ տեղ է ունի տնտեսության մեջ, բայց ոլորտը երբեք զարգացման ռազմավարություն չի ունեցել։ Միայն 2017թ–ին են որոշել, որ անհրաժեշտ է հայեցակարգ, բայց այն առայժմ չկա։ Խոսելով Lydian–ի խնդրի մասին` նա նշեց, որ նոր իշխանությունը լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Ընկերությունը հավաստագիր է ստացել, բայց այսօրվա պահանջները նրան չեն ներկայացվել նախկինում։

Նորմատիվ պահանջները պետք է նույնը լինեն բոլորի համար` առանց բացառության։ Դրանք ենթադրում են լուրջ ծախսեր, բայց ոլորտում յուրաքանչյուր ներդրող պետք է նախազգուշացվի դրանց մասին։

Այլ հարց է, որ սկսնակ ընկերություններին պետք է միանգամից ներկայացնեն բոլոր պահանջները, իսկ հների հետ պետք է պայմանավորվեն դրանց համապատասխանելու ժամկետների մասին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ–ի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանի հանքերի մեծամասնությունը կառավարվում են «մի կետից», և այդ կետը բացահայտվելու է։

Հիշեցնենք, որ պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` օֆշորային ընկերությունը, որի անունը չի նշվում, միջնորդների շղթայի միջոցով գնել է 19 ձեռնարկություն։