Տունն ամբողջությամբ այրվել է. Վոլգոգրադում հայը հրաշքով փրկել է կնոջն ու 5 երեխաներին

Վոլգոգրադից Եկատերինա և Արամ Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքը ուժեղ հրդեհի հետևանքով անտուն է մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Արամ Բաղդասարյանը հրաշքով փրկել է կնոջն ու 5 երեխաներին Վոլգոգրադի մերձակայքում գտնվող Զելյոնի կղզու իրենց սեփական տանը բռնկած հրդեհի ժամանակ։

Հաղորդավար Կարեն Քոչարյանին ծեծել են Մոսկվայում

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Առաջինը վառվածի հոտն առել է Արամի կինը` Եկատերինան, և արթնացրել ամուսնուն։ Արամը գնացել է կաթսայատուն և տեսել, որ պատն ամբողջությամբ հրդեհվել է։

Սկզբում Բաղդասարյանը ինքնուրույն է փորձել մարել կրակը, սակայն հասկացել է, որ ժամանակ է կորցնում։

«Թողեցի ամեն ինչ և վազեցի փրկելու կնոջս ու երեխաներին։ Ոչինչ չվերցրեցինք, այդ թվում նաև փաստաթղթեր։ Հրդեհի հետևանքով այրվեց ամեն ինչ։ Միևնույն ժամանակ հրշեջները շատ արագ ժամանեցին, արեցին իրենցից կախված ամենը», – պատմել է Արամը «Блокнот Волгограда» պարբերականին։

Արամն ու Եկատերինան 4 դուստր և մեկ որդի ունեն։ Որդին` Նորիկը, 1 տարեկան 10 ամսական է, ավագ դուստր Անգելինան` 9 տարեկան։

Նախկին ամուսնու կողմից դանակահարված 4 երեխաների մայրը մահացավ

Հրշեջները բավական արագ տեղ հասան և 22 րոպեի ընթացքում մարեցին հրդեհը, բայց երկհարկանի շենքից գրեթե ոչինչ չէր մնացել։

Նշվում է, որ ընտանիքը Վոլգոգրադ է տեղափոխվել մի քանի տարի առաջ։ Այստեղ նրանք հողատարածք են գնել և մեծ երկհարկանի տուն կառուցել։  Հիմա նրանք ամեն բան կորցրեցին. տունը, գույքը, մեքենան։

Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են, բայց Բաղդասարյանը կարծում է, որ կարճ միացում է տեղի ունեցել։

Քաղաքացիներից շատերն օգնության են հասել ընտանիքին, սնունդ ու հագուստ բերել։ Առայժմ նրանք բարեկամների մոտ են ապրում, բայց պետությունը բազմանդամ ընտանիքին արդեն մեկսենյականոց բնակարան է տրամադրել վեց ամսով։ Արամը և Եկատերինան հասկանում են, որ հեշտ չի լինի, քանի որ ամեն ինչ պետք է սկսել նորից, բայց ուրախ են, որ բոլորը ողջ են մնացել։ Այժմ նրանք զբաղված են փաստաթղթերը վերականգնելով։