Սպասում ենք դետալների. Նաղդալյանը խոսեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին

Հաշվի առնելով նախորդ հանդիպումների անցկացման վայրը` գալիք բանակցությունները, հնարավոր է, տեղի ունենան Վաշինգտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Մինչև տեխնիկական դետալները պարզելը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման տեղի ու ժամանակի մասին խոսելը վաղ է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը` Մամեդյարովի հետ շփման մասին

«Համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք այս առումով սպասում ենք որոշակի տեխնիկական դետալների հստակեցման։ Մասնավորապես՝ հրավիրող կողմը պետք է տրամադրի հանդիպման վայրի և ժամկետների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցված կարգով տեղեկացնել այդ մասին», – ասաց Նաղդալյանը։

Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը` բնականաբար, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը լինի Վաշինգտոնում կամ այլ քաղաքում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճատև հանդիպում էին ունեցել Բրյուսելում մայիսի 13–ին։ Հանդիպումը կայացել էր Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի 10–ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում։