Այն, որ «Տիտանիկի» ուղևորների մեջ հայեր էլ են եղել, նորություն չէ: Հասանելի կամ համացանցային բաց աղբյուրներում, այդ թվում՝ «Տիտանիկի հանրագիտարանում» այդ մասին էլ տեղակություններ կան: Բայց ամեն պարագայում, հետաքրքիր է, երբ կոնկրետ մարդու կենսագրության մասին պատկերացում հաղորդող տեղեկությունների ես հանդիպում:
Նշան Գրիգորյանը (անգլերեն տառադարձմամբ՝ Neshan Krekorian), ըստ այդ տեղեկությունների, ծնվել է 1886 թվականի մայիսի 12-ին, Էրզրումին մերձակա Քղի գյուղում: Թեպետ նրա մահվան վկայականում որպես ծննդյան օր նշված է դեկտեմբերի 1-ը:
Թե ինչ վիճակ է եղել Օսմանյան կայսրությունում և ինչ հետապնդումներ, ջարդեր ու կոտորածներ են կազմակերպվել բնիկ հյության դեմ, մեր ընթերցողին ներկայացնելու լրացուցիչ անհրաժեշտություն չկա:
Իսկ Նշան Գրիգորյանի կյանքին առնչվող հաջորդող մանրամասնությունները իսկապես էլ հետաքրքիր են: Ափսոս, որ ոչ մեկը Ջեյմս Կեմերոնին մեր ազգակցի կյանքի մասին ոչինչ չի պատմել, այլապես նման պատմությունը նրա ուշադրությունից չէր վրիպի: Ինչևէ:
Հայերի, առհասարակ քրիստոնյաների դեմ հալածանքների հերթական ալիքից հետո, 1910-11 թվականներին Նշան Գրիգորյանը մի խումբ հայրենակիցների, համագյուղացիների՝ Արսեն Սիրքանյանի, Հարություն Տեր-Զաքարյանի, Մամփրե Տեր-Զաքարյանի և Դավիթ Վարդանյանի հետ հեռանում է հայրենի եզերքից՝ Կանադա մեկնելու նպատակով: Հետաքրքիր է նաև, որ ոչ թե պարզապես այլ երկիր էին պատրաստվում մեկնել, այլ կոնկրետ տեղ՝ Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաք, Փոլ Մարտինի մոտ:
Կան հիշատակումներ, թե Նշան Գրիգորյանն անտոմս ուղևոր է եղել, նույնիսկ, որ Մարսելում ինչ-որ մեկին կաշառելով է հայտնվել ճակատագրական նավում:
Բայց ի հակառակ այդ վարկածի, նշվում է, որ վաճառված տոմսերի ցանկում առկա է, որ Նշան Գրիգորյանի տոմսի համարն էր՝ 2654, իսկ տոմսն էլ արժեր 7 ֆունտ ստերլինգ:
Հայտնի է նաև, որ Նշան Գրիգորյանը Շերբուրում է նավ բարձրացել՝ հեռավոր ամերիկյան մայրցամաք ճանապարհ ընկնելով որպես երրորդ դասի ուղևոր: Հետագայում նա պատմել է հարազատներին, որ այդ երրորդ կարգի նավախցում (E-57 սենյակ, F-տախտակամածում) ինքն ասես փակի տակ լիներ:
Ճակատագրական բախման ժամանակ Նշան Գրիգորյանը նավախցում է եղել, իր մահճակալին պառկած: Նա, կարելի է ասել, արագ է կողմնորոշվել և կարողացել է հասնել վերին տախտակամած, ավելին, հաջողել է նստել փրկանավակներից մեկը, ավելի ճիշտ՝ ցատկել դրանցից մեկի մեջ:
Ճիշտ է, հետագայում նա թոքերի բորբոքում է ստացել, բայց դա ոչինչ է, եթե հաշվի ես առնում, թե ինչից է փրկվել: Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բուժվելուց հետո, Նշան Գրիգորյանը ի վերջո հասնում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրենթֆորդ քաղաք, որտեղ շարունակում է բուժումը:
Վերջիվերջո, աղետից փրկվելուց վեց տարի անց, 1918-ին Նշան Գրիգորյանը տեղափոխվում է Սենթ Քաթարինս քաղաք, ամուսնանում Պերսա Վարդանյանի հետ, աշխատում «Ջեներալ Մոթորս» ընկերության ավտոմոբիլների գործարանում, և տիկնոջ հետ մեծացնում չորս զավակների:
Ասում են, որ հետագա ամբողջ կյանքի ընթացքում Նշան Գրիգորյանն այլևս ոչ մի նավ չի նստել, ինչը միանգամայն հասկանալի է մի մարդու պարագայում, որը «Տիտանիկից» է փրկվել:
Իսկ մահացել է Նշան Գրիգորյանը պատկառելի տարիքում՝ 92 տարեկանում, մայիսի 21-ին, արդեն հիշատակված Սենթ Քաթարինս քաղաքում: