ՌԱԴԻՈ

Գործող իշխանությունը կարիք ունի և՛ աջակցության, և՛ վերահսկողության. «Իմ քայլի» պատգամավոր

Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնում է ՀՀ կառավարության վերջին մեկ տարվա գործունեությանը և ՀՀ վարչապետի ներկայացրած 100 փաստին:
Sputnik

ԱԺ պատգամավորի խոսքով՝ առաջնային գործողությունները, որ պլանավորել էր կառավարությունը և հնարավոր էր իրականացնել հիմա, դրանց առումով ընթացքը կա, բավականին հարցեր հաղթահարված են, և դրված են հիմքերը շարունակական աշխատանքներ կազմակերպելու ուղղությամբ:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բարդ էր վերցնել նման ահռելի մեծ պատասխանատվություն և հասկանալ, թե ինչպիսի խնդիրների հետ գործ ունենք: Գրեթե բոլոր ոլորտներում մենք ունենք ձեռքբերումներ: Այն կարևոր ոլորտներից, որոնցից է օրինակ՝ պաշտպանությունը, այսօր քայլ առ քայլ մենք հասել ենք բավականին լուրջ հաջողությունների, և կարևորը կա պատրաստակամություն շարունակելու»,- ասում է Հովսեփյանը:

Բակո Սահակյանը թեժ հանդիպում է ունեցել «Իմ քայլի» ու Փաշինյանի հետ. ԶԼՄ

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ հնարավոր չէ կշեռքի նժարի վրա դնել և որոշել` որտեղ են ավելի շատ ձեռքբերումներ եղել: Բավականաչափ մեծ գործընթացներ արվել են, պարզապես չեն համընկնում բնակչության պահանջն ու ժամանակահատվածը: «Ամիսների ընթացքում մենք հասանք հեղափոխության, և շատերի համար դա շատ արագ գործընթաց թվաց, բայց մենք նախապատրաստվել էինք շատ ավելի երկար, հեղափոխության սերմերը գցված էին դեռ տարիներ առաջ: Հիմա բնակչությունը նույն էմոցիոնալ առումով էլ մոտենում է, որ պետք է հենց այդպես էլ լինի արդեն իշխանության գործունեությունը, շտկումները և պետք է որևէ մեկը որևէ խնդիր չունենա»,- ասում է պատգամավորը:

Ըստ Հովսեփյանի՝ այստեղ առավելագույնը պետք է ցուցաբերել համբերատարություն՝ իհարկե նաև պահպանելով զգոնությունը և ուշադրությունը, որովհետև գործող իշխանությունն ունի կարիք և՛ աջակցության, և՛ վերահսկողության: «Հասարակական վերահսկողությունն, իհարկե, պետք է, այդ ամեն ինչը պետք է լինի օբյեկտիվ, չափելիության սկզբունքով, ոչ թե պահանջել մի բան, որը հենց հիմա հենց այս պահին հնարավոր չէ: Պետք են գործընթացներ, որից հետո մենք կհասնենք այդ պրոցեսին: Պետք է կարողանանք տարանջատել ինչն է հենց հիմա հնարավոր, որը չի արվում և ինչն է վաղը հնարավոր, որը պահանջում են այսօր», -նշում է նա և կարևորում, որ այսօր քաղաքացիների վերահսկողության ծավալը մեծացել է, և արդյունքում՝ պաշտոնյան դառնում է ավելի զգոն, պատասխանատվությունն էլ կրկնակի մեծանում է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով՝ շատ կարևոր է, որ այսօր քաղաքացին հասկանում է, որ եթե ինչ-որ հարցով էլ դիմի իշխանությանը իրենից կաշառք չեն վերցնի դրան լուծում տալու համար: