ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցրում է Գերագույն ռադան։ Ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ` նա այդ մասին ասել է իր ուղերձում։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը կայացել է մայիսի 20–ին։ Արարողությանը ներկա է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ես ցրում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան», – ասել է նոր նախագահը երդմնակալության արարողության ընթացքում։
Նա նաև կոչ է արել պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրենք ընդունել, պաշտոնից ազատել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարին ու պաշտպանության նախարարին, իսկ կառավարությանը խնդրել է հրաժարական տալ։
Միաժամանակ նոր նախագահը նշել է, որ իր գլխավոր խնդիրը Դոնբասի պատերազմը դադարեցնելն է։
Զելենսկին խնդրել է նաև, որ դիմանկարները չկախեն պաշտոնյաների աշխատասենյակներում։
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն` իշխող կոալիցիան ցրելու մասին հայտարարությունից հետո պատգամավորները 30 օր ունեն նոր մեծամասնություն ձևավորելու համար։ Եթե նրանց չհաջողվի դա անել, Ուկրաինայի նախագահը կարող է ժամանակից շուտ ցրել խորհրդարանը։ Միաժամանակ անհնար է Ռադան ցրել հերթական ընտրությունից առնվազն կես տարի առաջ։