Սերժ Թանկյանն իր հետքը թողեց «Game of Thrones» սերիալի պատմության մեջ. տեսանյութ

Աշխարհահռչակ հայ երգիչը տեղեկացրել է, որ համագործակցել է «Գահերի խաղը» սերիալի կոմպոզիտորի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայտնի երգահան, երգիչ, System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել Twitter միկրոբլոգում և հայտնել, որ համագործակցել է Game of Thrones ամերիկյան սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ:

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Գահերի խաղը» սերիալի էպիկական ավարտից հետո իմ ընկեր և սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքներից մեկի՝ «Rains of Castamere»-ի համար վոկալ ձայնագրել»,– գրել է նա:

​Օգտատերերին անչափ դուր է եկել Թանկյանի կատարումը։

Delliah Mercury անունով օգտատերը գրել է, որ ինքը երբեք չի դիտել սերիալը, բայց մեծ հաճույքով լսեց կատարումը:

HunterKnightCustoms‏ -ն էլ ավելացրել է, որ բառացիորեն լացել է Թանկյանի կատարումը լսելիս և շնորհակալություն է հայտնել երգչին: Հիշեցնենք, որ երաժշտությունը կարևոր դեր է խաղացել «Սառցի և հրի երգի» կինոաշխարհում: Զգուշացեք. հաջորդիվ սփոյլերներ են. «Ռեյները Կաստամերից» երաժշտությունը հնչել է Կարմիր հարսանիքի ավարտին և ահազանգել կոտորածի մասին, որի ընթացքում սպանվել են Ռոբ Սթարքը, նրա մայր Քեյթլին Սթարքը, նրա հղի կինն ու բազմաթիվ դաշնակիցները:

Սերիալի նախկին եթերաշրջաններում երաժշտությունն իր հետ բերել է դաժան կոտորածներ՝ «Լանիսթերների բոլոր թշնամիները կջախջախվեն» ենթատեքստով:

Այն հնչեց նաև 8-րդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդում, երբ բոլոր Լանիսթերները գրեթե ոչնչացվել էին Դեյներիսի չտեսնված դաժանության պատճառով:

Իրանագերմանացի կոմպոզիտոր Ռամին Ջավադին համաշխարհային ճանաչման է հասել՝ երաժշտություն ստեղծելով «Warcraft», «Iron Man», « Pacific Rim » ֆիլմերի, ինչպես նաև «Prison Break», «Game of Thrones», «The Strain», «Westworld», «Person of Interest» սերիալների համար: