Քոչարյանի դատավարությունը նպաստեց, որ գործընթացն արագանա. «Իմ քայլի» պատգամավոր

«Իմ քայլի» պատգամավորը վստահ է, որ այն, ինչ կատարվում է դատարանների առջև, մարդկանց ներքին ցասումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացները նպաստեցին, որ այսօր տեղի ունեցած գործընթացն արագանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել

«Այն, ինչ կատարվում է դատարանների առջև, մարդկանց ներքին ցասումն է, որն արտահայտվում է խաղաղ բողոքի, զրույցների ձևով։ Մեր գերնպատակը ոչ թե մարդկանց ներս չթողնելն է, այլ դատավորների հետ երկխոսելը։ Դատարանի այն աշխատակիցը, որը շատ է ուզում ներս մտնել, պետք է թույլ տանք նրան մուտք գործել դատարան»,–ասաց ՀՀ վարչական դատարանի մոտ գտնվող պատգամավորը։

Նրա խոսքով` դատաիրավական համակարգի հանդեպ բոլորի մոտ առողջ մտահոգություն ու քննադատություն կա, քանի որ հեղափոխությունը, ըստ էության, չի հասել այստեղ։ Ըստ նրա` մարդիկ չեն վստահում դատաիրավական համակարգին։ «Մեզ պետք չէ խամաճիկային դատարան»,–իր խոսքն ամփոփեց Պապոյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։