Նիկոլ Փաշինյանը բացատրեց այսօրվա ակցիայի նպատակը

Վարչապետը խոստացավ քիչ անց կոչով դիմել դատարանների մուտքը փակած մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են։ Բոլոր նրանք ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի։ Այս մասին այսօր խոստացված ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան

Նա հավաքված կառավարության անդամներին և ԲԴԽ ներկայացուցիչներին բացատրեց այսօր նախաձեռնած իր ակցիայի նպատակն ու բովանդակությունը։

«Այսօրվա բողոքի ակցիայի նպատակը կոռուպցիոն համակարգի վերջնական կապիտուլացիան է։ Երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում դատական, որ չի պատկանում ժողովրդին։ Ես որպես Հայաստանի ժողովրդի անվտանգության երաշխավոր ամեն անհրաժեշտ պահի դիմելու եմ ժողովրդի օգնությանը»,–ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի` այսօրվա դատարանների մուտքերը փակելու ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի աջակցությունը, որովհետև վճիռներ կարող են կայացնել այնպիսի մարդիկ, որոնք ունեն ժողովրդի անվերապահ աջակցությունը։

Փաշինյանը խոստացավ քիչ անց կոչով դիմել դատարանների մուտքը փակած մարդկանց։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Վարչապետն այսօր ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։