Նախկին իշխանությունը չկա, բայց խնդիրը կա. ինչպե՞ս կանգնեցնել բենզինի գնի աճը Հայաստանում

Ներկայիս պայմաններում մեծ է հավանականությունը, որ տնտեսվարողները կարտելային համաձայնության կգնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ զբաղվի վառելիքի (բենզին և դիզել) շուկայի կարգավորմամբ, քանի որ այն մոնոպոլիզացնելու վտանգ կա։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Վերջին շաբաթներին Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թանկացել են 40-50 դրամով։ Regular АИ-92 տեսակի բենզինի մեկ լիտրը բենզալցակայաններում վաճառվում է 430-440 դրամով, դիզվառելիքը` 450-460 դրամով։

Այս պահին բենզինի և դիզվառելիքի շուկայում կենտրոնացման բարձր մակադրակ է նկատվում, քանի որ կա միայն 2 ներկրող տնտեսվարող։

Բենզինը թանկացել է. մրցակցային մարմինը հակամրցակցային չարաշահումների հետքեր է փնտրում

Բացի այդ, նույն ընկերությունները ծածկում են մանրածախ շուկայի 90%–ը, հետևաբար,  կարող են հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկել գները։

Նման պայմաններում բարձր է հավանականությունը, որ տնտեսվարողները կարտելային համաձայնության կգնան։

«Նախկինում խնդիրը կապում էին օլիգարխիկ իշխանության հետ, բայց այսօր այն չկա, իսկ խնդիրը կա։ Ավելին, վառելիքի որակի, նրա ոչ լիարժեք լիցքավորման և ՀԴՄ–ներ տրամադրելու հետ կապված խնդիր կա։ Դրանք ներքին հարցեր են և կառավարությունն արդեն այսօր կարող է զբաղվել դրանք լուծելով», – ընդգծեց նա։

Պարսյանը կարծում է, որ ՏՄՊՊՀ–ն պետք է շտապ միջոցներ ձեռնարկի ոլորտի խնդիրները լուծելու համար։

Ըստ նրա` անհրաժեշտ է անջատել մեծածախ և մանրածախ վաճառքը, խթանել և խրախուսել վառելիքի նոր ներկրողների, պետական ընկերության ստեղծումը, ինչպես նաև մտածել ներմուծման դիվերսիֆիկացիայի մասին։

Տնտեսագետի համոզմամբ, այլընտրանք կարող է դառնալ իրանական շուկան, քանի որ Հայաստանում վառելիքի գները խիստ կախված են Ռուսաստանի տնտեսական վիճակից։

Բիզնեսից օպերա. ինչպես հաջողակ բիզնեսմեն-մենեջերն ամեն ինչ թողեց հանուն երգի

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրանական դիզվառելիքի և բենզինի ներմուծման հնարավորությունները։ Տարբեր երկրներից ներմուծումը կօգնի կարգավորել գինը ներքին շուկայում` հօգուտ ավելի էժան բենզինի», – ընդգծեց փորձագետը։

Ավելի վաղ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել էր, որ Հայաստանում բենզինի գնի թանկացման պատճառներն ամբողջությամբ բացահայտելու համար շուկայի մանրակրկիտ և բազմակողմանի վերլուծություն է անհրաժեշտ։ Նա վստահեցրել էր, որ ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրում է գնագոյացման ողջ շղթան, շուկայի կառուցվածքը, գործոնները, որոնք այսպես թե այնպես ազդում են արժեքի վրա և այլն։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարտելային համաձայնություն կա ներկրողների միջև, Գևորգյանն ասաց, որ նման պայմանավորվածությունների բացահայտումն ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։