Մենք գոռգոռացող ենք, այնինչ պետք է գործ անել. Նիկոլայ Ծատուրյան

Հասարակության մեջ վերջին օրերին անհանդուրժողականությունն ավելացել է` սոցցանցերում շատերն արդեն խուսափում են կարծիք հայտնել, որպեսզի պիտակներ չստանան։ Հասարակական տրամադրությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է ռեժիսոր Նիկոլ Ծատուրյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ փողոցներ, ճանապարհներ փակելով չէ, որ պետք է խնդիրները լուծել, այլ ավելի քաղաքակիրթ ձևերով, քանի որ փողոց փակելն ամբոխային մտածելակերպի արդյունք է։ Ծատուրյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Նիկո՜լ, արի՛». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաների են տարել

«Ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր երկրներում հասարակության 70 տոկոսն ամբոխ է, 20 տոկոսը` ժողովուրդ և ընդամենը 10 տոկոսն է ազգ։ Խնդիրն այն է, որ մենք` հայերս, քիչ ենք, և մեր մեջ ավելի ցցուն է երևում ամբոխի առկայությունը։ Վիկտոր Համբարձումյան, Տիգրան Մանսուրյան, Հրանտ Մաթևոսյան, Փարաջանով` նրանք են, որ ազգին են ներկայացնում»,–ասաց նա։

Նրա խոսքով` հասարակության մեջ տարակարծությունները, անհանդուրժողականությունը ոչ մի լավ տեղ չեն տանի, քանի որ, ինչպես Նժդեհն էր ասում, մեր ուժը միասնության մեջ է։ Ըստ նրա` ժողովրդի ներսում տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ հսկայական Հայաստանը քարտեզի վրա «ծտի ծերտի» չափ է դարձել։ Ամբոխային հոգեբանությունը, վստահ է Ծատուրյանը, համահարթեցնում է ամեն ինչ. մենք գոռգոռացող ենք, այնինչ` պետք է գործ անել։ Մշակութային գործիչը կարծում է, որ վերլուծելու բացակայությունից է գալիս ամեն ինչ։

Դատավոր Դավիթ Բալայանը փորձում էր պատուհանից ներս մտնել, սակայն նրան ուժով ներքև իջեցրին

Ամբոխավարությունը, ամբոխի հոգեբանությանը տրվելը, ըստ նրա, ճիշտ չէ։ «Հիմա որ ասեմ` հիացած եմ Փաշինյանով կամ ատում եմ նրան, սուտ կլինի։ Ես տեսնում եմ թե՛ լավը, թե՛ վատը։ Կնոջս հետ մեկ–մեկ վիճում եմ, քանի որ նա փաշինյանապաշտ է։ Օրինակ, երբ նա ասում է` Փաշինյանը մեծ բան արեց, որ երեք նախագահներին էլ պատմության գիրկն ուղարկեց, այո, ես համաձայն եմ։ Սակայն, մյուս կողմից, կարծում եմ` եթե Փաշինյանի փոխարեն լիներ ասենք` Սողոմոն Սեյրանյանը, էլի նույնը կաներ, քանի որ փոփոխությունների պահը հանրության մոտ հասունացել էր»,–ասում է Ծատուրյանը։

Նա ասում է, որ վերապահությամբ է մոտենում նրանց, ովքեր կա՛մ շատ են հայհոյում Փաշինյանին, կա՛մ էլ նրա արևով են երդվում։

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի հասարակությունը ճամբարների չբաժանվի` Ծատուրյանը պատասխանեց, որ նախ մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի։ Նրա բնութագրմամբ` մենք շատ եսակենտրոն ենք, հայրենիքը սիրում ենք միայն բաժակաճառերի միջոցով։ Սակայն եթե հայրենիքի կենացը խմողին հարցնես` բանակ կգնա՞ս, նա մատը վեր տնկած խեթ–խեթ քեզ կնայի։

«Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու կոչը

Միասնականության հասնելու համար մի քիչ ավելի մասշտաբային է պետք մտածել։ «Հենց մեր եսը մի քիչ երկրորդ պլան գնա ու մտածենք հայրենիքի մասին` Հայաստանը կարող է երկիր դառնալ։ Ես թատերական ինստիտուտում 83 000 դրամ եմ աշխատավարձ ստանում, սակայն դա չի նշանակում, որ, օրինակ, այսօր պիտի գայի ու ուսանողներիս ասեի` հերիք է, ուսումնական տարվա վերջին 4 օրն էլ դաս չենք անի, գնացեք տուն։ Ամեն մեկն իր գործին պետք է պատասխանատվությամբ մոտենա, իսկ հիմա` մենք ենք, մեր ճահիճը` ընկած կռկռում ենք»,–ասաց նա։

Լավագույն երկիրն այն երկիրն է, որը, ըստ նրա, չունի խիստ դատավոր, բայց ամեն մեկը հասկանում է իր մեղքի բաժինը։ Ինչ վերաբերում է կուսակցություններին, քաղաքական այս կամ այն գործիչներին, ապա Ծատուրյանն իր կուսակցությունն է բացել` այն էլ վաղուց. արվեստ, դա է նրա կուսակցությունը։ «Իմ կուսակցությունն արվեստն է, թե չէ` ես ինչ գործ ունեմ` ՀՀԿ է, ԱԳԼՃԿ է, ՄՄԿ է...»,–ասաց նա։ 

Նրա խոսքով` ոչ թե գեղեցկությունը, այլ հումորը կփրկի աշխարհը. եթե մարդիկ հումորով լինեն, պատերազմ էլ չի լինի։