Լևոն Արոնյանը դուրս մնաց ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» պայքարից

Հայ գրոսմայստերը չկարողացավ հաղթահարել մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ–ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:

Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: