Գլխավոր դատախազը խոստանում է ընթացք տալ դատարանների մասին ահազանգերին

Դատարանների մոտ տեղի ունեցած միջադեպերը կքննի Հատուկ քննչական ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ու ահազանգերը ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։

«Դիմելու եմ դատախազություն». Արմեն Գևորգյանի պաշտպանին արգելեցին մտնել դատարան. տեսանյութ

Այս մասին իր Facebook-յան էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշվում է նաև, որ հաղորդումները քրեադատավարական կարգով համակողմանի ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով Դատախազությունը դրանք կուղարկի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք` այսօր առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մոտ իրականացված բողոքի ակցիաներից մի քանիսի ընթացքում գրանցվել էին միջադեպեր։ Մասնավորապես`քաղաքացիների արգելքը շրջանցելու մի շարք փորձեր ավարտվել էին ուժի կիրառմամբ ու քաշքշուկով։