ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:
Ինչպես տեղեկանում ենք նրա պաշտոնական կայք էջից, Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետի, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել ապրիլյան հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը:
«Շատ կարևոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ և այլևս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,-ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդիկ:
Նա աշակերտներին հիշեցրել է, որ մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրից: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել այս օրը պարգևելու համար։