ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հարյուրավոր մարդիկ Ծիծեռնակաբերդ էին եկել` Օսմանյան կայսրությունում պոնտացի հույների ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար։ Տարբեր գնահատականների համաձայն` միայն Պոնտոսում մոտ 350 հազար հույն է զոհվել, ևս մի քանի հազարն էլ` Փոքր Ասիայի մյուս հատվածում`Հոնիայի ծովափում, Արևելյան Թրակիայում, Կապադովկիայում։
Մայիսի 19–ին անմար կրակի մոտ էին հավաքվել ոչ միայն Հայաստանի տարբեր անկյուններից ու դրսից եկած հույները, եզդիներն ու ասորիները, այլև «ամենասովորական» հայերը։ Նրանք ինչու՞ էին եկել։
Հիշատակն ապրում է, քանի դեռ հիշողներ կան։ Սա լավ են հասկանում այն ժողովուրդները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմը վերապրել են Օսմանյան Թուրքիայում։
Մրջյունների վերջալույսը
Երբ Զավեն Պիպեռյանի գրքերը սկսեցին թուրքերեն թարգմանել, միանգամից մեծ հետաքրքրություն առաջացրին։ Պիպեռյանը գրում էր 30-ականներից 40-ականների Թուրքիայի մասին։ Այդ շրջանը թուրքական գրականության մեջ մանրամասն չէր նկարագրվել։
Ստեղծագործություններից մեկը հրատարակվեց գրողի մահից հետո` 1984 թվականին, և մեծ ճանաչում ստացավ։ Պիպեռյանը գրում է Ստամբուլի քրիստոնյաների մասին, որոնք փորձում են մոռանալ անցյալն ու ապրում են առանց ապագայի։ Գիրքը դառը անվանում ունի` «Մրջյունների վերջալույսը»։
Պիպեռյանը շատ լավ գիտեր` ինչի մասին էր գրում։ Նա ծնվել էր Ստամբուլում (Կոստանդնուպոլում) ու ամբողջ կյանքն այնտեղ էր ապրել։ Նա գիտեր` ինչ կլինի, եթե գոնե կես բառ ուղիղ ասի։ Այդ պատճառով արևմտահայերեն իմացող կողմնակի ընթերցողները, օրինակ` թուրք գրաքննիչները, պարզապես «կորած մարդու» պատմություն տեսան։ Տխուր, բայց իշխանության համար «անշառ» պատմություն։ Իսկ «մերոնքականների» համար այդ գիրքը հուսահատ պատմություն էր այն մասին` ինչ է լինում, երբ մարդու հիշողությունը «քայքայվում» է։
Չես սասանի
«Հիշու՞մ եք` մի տասը տարի առաջ ինչպես էին Երուսաղեմում կռվում հայ և հույն հոգևորականները, – Ծիծեռնակաբերդում հարցրեց ներկաներից մեկն ու ավելացրեց, – գիտե՞ք` որտե՞ղ էին ավելի շատ գրում ու խոսում դրա մասին»։
Հետաքրքիր է` ինչ է ուզում ասել... «Երևի Հայաստանում», – պատասխանում եմ ես։
«Ոչ։ Թուրքիայում։ Նրանց համար հիանալի նորություն էր։ Պարզվում է` մեր դեմ պետք չէ պայքարել։ Մենք ինքներս էլ իրար հետ կկռվենք»...
Բայց դա երևի այլևս չի աշխատում։ Անմար կրակի մոտ պսակներ են խոնարհում ոչ միայն Հունաստանի դեսպանատունն ու Հայաստանի հունական համայնքների միությունը, այլև հայկական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։
Նույն օրը` մայիսի 19-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առաջին անգամ ցուցադրվեց «Պոնտոս։ Մեծ փոփոխություններ» ցեղասպանության մասին ֆիլմը, որը ներկայացնում էր և՛ պատմաբանների մեկնաբանությունները, և՛ ականատեսների հուշերը։ Դեռ ողջ են նրանք, ովքեր վաղ մանկության տարիներին տեսել ու վերապրել են այդ ամենը։ Այսօր նրանք ծերունիներ են, բայց նրանց խոսքերը ոչ միայն անցյալի մասին են, այլև ապագայի։
«Հողս չես սասանի, խրճիթս նույնպես։ Դո՛ւ չես կառուցել այն։ Օջախս էլ, որի կրակը քո մեջ նախանձ է առաջացնում»։ Գյոթեի Պրոմեթևսի այս խոսքերը շարունակում են և կշարունակեն հնչել, նույնիսկ երբ Ցեղասպանության վերջին վկաները հեռանան մեզանից։
Նոր հայացք
Այսօր Ցեղասպանության հայ ուսումնասիրողներն առավել հաճախ են մտորում Թուրքիայում տուժած այլ ժողովուրդների ճակատագրի մասին։ Չէ՞ որ հույների, ասորիների և եզդիների պատմությունը ժխտում է այսօրվա Թուրքիայի ամբողջ պաշտոնական «թեորիան» այն մասին, որ դավաճան հայերին ստիպված են եղել վտարել որպես Ցարական Ռուսաստանի «հինգերորդ զորասյուն»։ Սա ընդգծեց պատմաբան Գևորգ Վարդանյանը, որը հանդես եկավ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում ֆիլմի ցուցադրությունից առաջ։
Այլապես ինչպե՞ս բացատրել եզդիների, ասորիների և հույների բնաջնջումը։ Ընդ որում արդեն Համաշխարհային առաջին պատերազմի ավարտից հետո, և երբ նոր, Խորհրդային Ռուսաստանը դադարեց Թուրքիայի թշնամին լինել։ Ավելին, ինչպե՞ս բացատրել 1955 թվականի սեպտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած ջարդերը։ Չէ՞ որ այն ժամանակ և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան ՆԱՏՕ–ի գծով դաշնակիցներ էին։
Հենց այդ պատճառով Ցեղասպանության մասին գրած հայ պատմաբանները առավել ուշադիր են եղբայրական ժողովուրդների պատմության հարցում։ Այս թեմային է նվիրված նաև Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը։
Այդ գիրքը պահվում է Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆոնդերում, հույների Ցեղասպանության, պատերազմից առաջ նրանց ունեցվածքի (Տրաբզոնի 5 խոշորագույն բանկերից 4-ը ամբողջությամբ հույների ձեռքում էր), ինչպես նաև հավատքի խորհրդանիշների, ավանդական զգեստների, այդ ժողովրդի ոսկերչական արվեստի մասին պատմող այլ նյութերի հետ մեկտեղ։
Հիշեցնենք` Կիպրոսն ու Հունաստանն առաջին երկրներից էին, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Կիպրոսի խորհրդարանն այդ մասին բանաձևը ճանաչեց 1982 թվականին, Հունաստանինը` 1996–ին։ Իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչեց հույների և ասորիների Ցեղասպանությունը։