Երեկոյան օպերայի թատրոնը սպասում է հանդիսատեսին. ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Օպերայի թատրոնում այսօր կներկայացվի «Գայանեն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քիչ առաջ ԱԻՆ-ն ավարտել է տարածքում որոնողական աշխատանքները և ոչինչ չենք հայտնաբերել», - ասացին ԱԻՆ-ից։

Օպերայի թատրոնում այսօր «Գայանե» բեմադրությունն է նախատեսված և շատերը սոցցանցերում մտահոգություն էին հայտնել, թե արդյո՞ք այն չի հետաձգվի։

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը մեզ հայտնեց, որ ներկայացումը չի հետաձգվի։

«Վերադառնում ենք մեր բնականոն աշխատանքին, և երեկոյան սպասում հանդիսատեսին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԻՆ–ն 13:03-ին ահազանգ էր ստացել, որ օպերայի թատրոնի շենքում ռումբ է տեղադրված։