ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է խորհրդի մամուլի ծառայությունը:

Ձեռնպահ մնալ գործողություններից, որ կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը. ՓՊ

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, խորհուրդը հանգել է հետևյալ հետևության.

ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,

անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

Ավելի վաղ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջի միջոցով տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 20-ի առավոտյան ժամը 8.30-ից պիտի արգելափակվեն «հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»: