Թուրքիան չի հանդգնի զանգվածային կերպով արտաքսել հայերին. փորձագետը նշեց պատճառները

Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում ապրում են առանց պետական աջակցության հույսի։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ երկրի գործող կառավարությունը կհանդգնի նրանց արտաքսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիայում հայությանը սպառնացող վտանգ գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու գործող կառավարությունը չեն հանդգնի արտաքսել երկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ 

Թուրքիայից հայերի արտաքսման նոր ալիքի մասին տեղեկությունը օրեր առաջ հայտնվեց հայկական մամուլում։ Ասվում էր, որ Թուրքիայում մոտ ապագայում այդ մասով բավական լուրջ զարգացումներ են սպասվում։

Չմարող կրքեր Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ․ ինչպես են բաշխվել ուժերը Թուրքիայում

«Հայությանը սպառնացող վտանգ միշտ կար. ոչ միայն այսօր, այլ նաև նախկին իշխանությունների օրոք։ Սակայն որքան էլ թուրքերը ցանկանան դա, ներկայիս պայմաններում նման գործողություններ իրականացնելը բավական դժվար է։ Նախևառաջ այդ քայլով նրանք կվնասեն իրենց. չէ՞ որ այսօր ամեն ինչ հեռարձակվում է առցանց ռեժիմով», – ասաց փորձագետը։

Նրա խոսքով` Թուրքիային նման գործողությունները ձեռնտու չեն, քանի որ դրանք հարված են հասցնում իշխանությունների և ընդհանուր առմամբ երկրի իմիջին։ Լոքմագյոզյանն ընդգծեց, որ Թուրքիայից բոլոր հայերին արտաքսելը դժվար է նաև զուտ տեխնիկական առումով։ Չէ՞ որ նման դեպքերում ստիպված կլինեն մարդկանց ինքնաթիռներով և ավտոբուսներով դուրս բերել, իսկ դա ծախսատար և երկարատև գործընթաց է, ասաց փորձագետը։ Այլ միջոցներ ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի խոսել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի քաղաքականության մասին։

«Հավանաբար Թուրքիայի իշխանությունները նման ռիսկի չեն դիմի։ Սակայն ցանկության դեպքում նրանք կարող են արտաքսել 100 մարդ և ցուցադրել հայերին, որ նման բան կարող է տեղի ունենալ», – ասաց Լոքմագյոզյանը։

Ինչ վերաբերում է Անկարայի հայտարարած թվին, իբրև թե, Թուրքիայում 100 հազար հայ է բնակվում, որից 40 հազարը` այդ երկրի քաղաքացի, մյուսները` Հայաստանի, ապա Լոքմագյոզյանը սա բացահայտ սուտ է համարում։

Փորձագետն ընդգծեց, որ Ստամբուլի հայերի քանակը շուրջ 40 հազար է, ՀՀ քաղաքացիներ էլ  կլինեն 10-15 հազար, բայց ոչ մի կերպ 60 հազար։

Միևնույն ժամանակ Լոքմագյոզյանն մի դրական միտում ընդգծեց։ Խոսքը Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքական տեղապահի առաջիկա ընտրությունների մասին է։

Աթեշյանը հայտարարություն է տարածել «իսլամ ընդունած» հայ տղայի թեմայով

«Օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել էր, որ  հայերը կարող են ծրագրել ընտրությունները հունիսի 24-ից, անմիջապես այն բանից հետո, երբ հունիսի 23-ին կանցկացվեն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները», – ասաց Լոքմագյոզյանը։

Նա նշեց, որ նախկինում նման բան չի եղել, Թուրքիայի իշխանությունն ամեն կերպ ձգձգում էր Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը։

Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ  Պոլսո պատրիարքի առավել հավանական թեկնածու է շարունակում մնալ  Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, անկախ նրանից, որ մեծամասնությունը հայ համայնքում բավական բացասական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ և Էրդողանի դրածո են համարում։

Հիշեցնենք՝ Պոլսո 62-ամյա պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել էր մարտի 8-ին` ավելի քան 10 տարվա ծանր հիվանդությունից հետո: Արդեն մի քանի տարի փոխանորդի պաշտոնը զբաղեցնում է Արամ Աթեշյանը։ Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ արդեն իսկ դիմում է ներկայացվել Ստամբուլի նահանգապետարան` Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու: