ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 18–ին ժամը 11–ից Հայաստանի 100–ից ավել թանգարանների դռները մինչև կեսգիշեր բաց կլինեն բոլոր այցելուների համար. այս տարի Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանային գիշեր» միջոցառումները նույն օրը` մայիսի 18–ին են։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
«Ստացվում է`վաղը կրկնակի տոն է արվեստասերների համար։ Յուրաքանչյուր թանգարանի վաղվա ծրագրին կարող են ծանոթանալ մեր պաշտոնական էջում ` Mincult.am–ում։ Ի դեպ, ոչ մի թանգարանի ծրագիր չի կրկնելու նախորդ տարիների ծրագրերը»,–ասաց նա։
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»:
Նրա խոսքով` վաղը թանգարաններ կայցելեն նաև պետական պաշտոնյաները։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հայտնեց, որ իրենց թանգարանն, օրինակ, վաղը ծրագիր է իրագործելու, որն անվանել են` «Թանգարան` իր պատերից դուրս»։ Վաղը Թումանյան–Նալբանդյան պուրակում համերգ կլինի, որի ժամանակ ելույթ կունենան Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։ Երեկոն կավարտվի ջազ համերգով։ «Մեր թանգարանը շատ փոքր է` 10-15 մարդ է այնտեղ տեղավորվում, և «Թանգարանային գիշերվա» օրը գալ մեզ մոտ ու ծանոթանալ նմուշներին, նոր հավաքածուն տեսնել` ուղղակի հնարավոր չէ։ Չնայած մենք առաջին թանգարաններից մեկն էինք, որ միացավ «Թանգարանային գիշեր ծրագրին»,–ասաց նա։
Նշենք, որ Հայաստանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում է 2005 թվականից, այն ժամանակ ծրագրին միացել են 9 թանգարան: