Միջադեպ Կոտայքի մարզպետի եղբոր և պահեստազորի գնդապետի միջև. ի՞նչ է տեղի ունեցել

Որոշ խոսակցությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը Աբովյան քաղաքում տեսել է մարզպետի եղբորը և կանգնեցրել է նրան՝ զրուցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզպետի 28-ամյա եղբոր մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հակասական տեղեկություններ են շրջանառվում, բայց մի բան հստակ է՝ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը միջադեպի մասնակիցներից է։

«Գնթունիկ» խանութում Ապարան համայնքի ղեկավարը զինվորի է ծեծել

Մեր տեղեկություններով նրա և Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում ապրող 39-ամյա տղամարդու միջև ծագած վեճը, ճիշտ է, ծագել է հանկարծակի, բայց այն իր նախապատմությունն ունի՝ կապված մարզպետի եղբոր աշխատանքային գործունեության հետ։

Այլ մանրամասներ մեզ այս պահին հայտնի չէ։ Որոշ խոսակցությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը Աբովյան քաղաքում տեսել է մարզպետի եղբորը և կանգնեցրել է նրան՝ զրուցելու։

Այդ ընթացքում՝ Ռուբեն Պետրոսյանը վիրավորել է նրան ու մի քանի անգամ հարվածել։ Տղամարդը իր BMW-ով հեռացել է, ինչից հետո մարզպետի եղբայրը իր Ժիգուլիով հետապնդել է նրան ու մեքենայով հարվածել նրա մեքենային։

Որոշ խոսակցությունների համաձայն էլ՝ 39-ամյա տղամարդն է հարվածներ հասցրել մարզպետի եղբորը։ Միջադեպը եղել է Նոր Հաճնի կամրջից Աբովյան քաղաք տանող ճանապարհին։

Շրջանառվող վարկածների իսկությունը իրավապահները դեռ կպարզեն։

Մեր տեղեկություններով՝ 39-ամյա տղամարդը «Իրավունքի սահման» ընկերության տնօրենն է։ Նախկինում էլ աշխատել է իրավապահ մարմիններում և զինված ուժերում։ Այժմ էլ պահեստազորի գնդապետ է։