ՌԱԴԻՈ

Հակոբյան․ «Նախագահը քայլ է արել, որը կարող է չհամընկնել իշխող ուժի ցանկության հետ»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման մասին։
Sputnik
Հակոբյան․ «Նախագահը քայլ է արել, որը կարող է չհամընկնել իշխող ուժի ցանկության հետ»

Վիգեն Հակոբյանի խոսքով` եթե Վահե Գրիգորյանը միակ իշխանահաճո թեկնածուն էր, և նախագահը նրան չի առաջադրել, ապա ինքնուրույն քայլ է արել, ինչը հասարակության մի մասը սպասում է նրանից։

«Ակնհայտ է` նախագահը քայլ է արել, որով ցանկացել է շեշտել, որ սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կարող է քայլեր անել, որոնք կարող են չհամընկել իշխող քաղաքական ուժի ցանկությունների կամ կարծիքների հետ»,-ասում է Հակոբյանը։

Ըստ քաղաքագետի` եթե Վահե Գրիգորյանի թեկնածությունը սկզբունքային նշանակություն ունի իշխանության համար, ապա նախագահի առաջադրած նոր թեկնածուն ևս նախորդի պես կմերժվի ԱԺ մեծամասնության կողմից։

Նշենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր. «ՀՀ նախագահի և ԱԺ մեծամասնության միջև ևս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան էլ այսօր հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին:

«Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,– նշված է հայտարարության մեջ:

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»: