«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա. Շիրակի մարզպետն ամփոփեց 100 օրը

Ամփոփելով աշխատանքային 100 օրը` Շիրակի մարզպետը նշեց, որ 100 օրը բավարար չէ՝ շատ անելիքներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետն այսօր իր  գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսը սկսեց ուսանողներին և  երիտասարդներին շնորհավորելով: Մարզպետը շնորհավորեց նաև ԵՊՀ-ին`  հիմնադրման 100 ամյակի առթիվ՝ փաստելով, որ մայր բուհն իր գործունեությունը սկսել է Գյումրիից: 

«Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Պետությունն այսօր կամք ունի այս հարցը լուծելու, բայց նախ պետք է այդ ծավալները հասկանանք:  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված  հանձնախումբը միտված է հավաքագրելու ողջ անհրաժեշտ ինֆորմացիան և իրականացնելու քարտեզագրում»,–հանդիպման ընթացքում, ներկայացնելով արվածն ու չարվածը, ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետը հրաժարվել է, իսկ 142 աշխատակիցներ պարգևավճար են ստացել

Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետը անդրադարձավ Գյումրիում ամրոցաշինության խնդրով վարչապետի հետ ունեցած խոսակցությանն ու իրավապահ մարմինների աշխատանքներին. «Ազդակներ ենք ստանում հասարակությունից, որոնք էլ մտահոգության առիթ են տալիս: «Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա, այլ կա ժամանակի մեջ տեղավորվելու ու ժողովրդի անվտանգության խնդիր: Ունենք գումար, շինարարական կազմակերպություններ, պատվիրատու, վերահսկող, բայց նաև ունենք այն, ինչ ունենք: Այստեղ բնակիչների անվտանգության խնդիրն է ու ժամանակին նորմալ փողոց ունենալը»,-նշեց մարզպետը:

Պետրոսյանը նաև խոսեց արձանագրված կոռուպցիոն դեպքերից: «Խոսքը անձերի մասին չէ, այլ երևույթների, որոնք պետք է կանխվեն: Մեր նպատակ պատժելը չէ, այլ խնդիրներից ազատվելն է»,–նշեց նա:

Անդրադառնալով մարզպետարանում սպասվող կրճատումներին`մարզպետն ասաց, որ չի թաքցնում, որ վերակազմավորում կլինի. «Երբ նոր  եկա, լարվածություն կար, խոսվում էր կադրային ջարդի մասին, ու դա հասկանալի է: Միանշանակ, վերակազմավորում կլինի, բայց լավ աշխատողը, որն այս ընթացքում կապացուցի իր աշխատանքի արդյունավետությունը, չի տուժի »,-նշեց մարզպետը փաստելով՝  քաղաքական կարգավիճակը այս պարագայում վճռորոշ չի լինի՝  արդյունավետ աշխատելու դեպքում կողք կողքի  կաշխատեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: