ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ամուլսարում ELARD ընկերության երկրաբանական հետազոտության արդյունքները մայիսի վերջին կուղարկվեն Քննչական կոմիտե։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ըստ այդ հետազոտության արդյունքների էլ քրեական գործի նախաքննությունը կշարունակվի, կառավարությունն էլ իր դիրքորոշումը կհայտնի»,– ասաց Ավինյանը։
Հարցին, թե հանքավայրի շահագործման հնարավոր դադարեցման դեպքում դա ինչպես կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի ու ներդրումային ծրագրերի վրա, փոխվարչապետը չցանկացավ «եթե»–ներով պատասխանել` հորդորելով սպասել վերջնական գնահատականներին։
«Իսկ թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, դա արդեն մի քանի անգամ այս ընթացքում բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել ենք, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել։ Եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջանում, կամ այն խնդիրները, որոնք առաջանում են, ընկերության կամ մեր կողմից վերահսկելի են, ապա ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթը պետության ու ժողովրդի շահն է։
Հիշեցնենք` 2018թ. սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեին հանձնարարել էր Ամուլսարի հանքավայրի նկատմամբ փորձաքննություն իրականացնել` միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի արդյունքները ընդունելի կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար։
2018 թվականի նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 միջազգային մասնագիտացված ընկերություն:
2019թ. փետրվարի 21-ի ՀՀ կառավարության նիստում որոշում էր ընդունվել Քննչական կոմիտեին հատկացված 396 900 դոլարը փոխանցել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:
Նշենք, որ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացի գնալու մասին, քանի որ հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։