«Գնթունիկ» խանութում Ապարան համայնքի ղեկավարը զինվորի է ծեծել

Ժամկետային զինծառայության մեջ գտնվող երիտասարդը ընդամենը մի քանի օր առաջ էր կարճաժամկետ արձակուրդ ստացել և եկել հարազատներին տեսնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ապարանում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝քաղաքում արդեն մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ համայնքի ղեկավարը մի երիտասարդի է ծեծել:

Ըստ այդ տեղեկությունների միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետում:

Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչն է եղել միջադեպի կոնկրետ պատճառը, չնայած քաղաքում խոսում են, որ ծեծված երիտասարդը նախկինում աշխատել է այդ սուպերմարկետում և, ամենայն հավանականությամբ՝ նրա և սուպերմարկետի տերերի միջև հին հաշիվներ կան:

Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը գտնվում է ժամկետային զինծառայության մեջ և ընդամենը մի քանի օր առաջ է կարճաժամկետ  արձակուրդ ստացել և եկել տուն:

Միջադեպի այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք: