Փաստաբանն օգնել է դատավորին կաշառք ստանալ. ՀՔԾ–ն հետաքրքիր բացահայտումներ է արել

Դատավորը խոստացել է քաղաքացուն օգնել պետական տուրքը չվճարել ու դրա դիմաց պահանջել գումարի կեսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հիմնավորել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։ Հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ գործի նյութերի` դատավորը քաղաքացուն խոստացել է օգնել ազատվել 3.580.000 դրամ պետական տուրքը վճարելուց և դրա դիմաց նրանից 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջել։

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել

Իսկ որպեսզի անձամբ չվերցնի գումարը դատավորը միջնորդի դերում հանդես գալու հարցով դիմել է իր ծանոթ փաստաբան Վահագն Դանիելյանին։

Հենց նա էլ 2019թ. մարտի 27-ին 2500 դոլարը քաղաքացուց վերցրել ու փոխանցել է դատավորին:

Դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը քրեական գործի նախաքննության ավարտին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Հիշեցնենք` դատավորի ձերբակալման մասին լուրերը մամուլում հայտնվել էին ամիսներ առաջ։ Ապրիլի 1–ին նրան կալանավորել էին։

Գագիկ Հեբոյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում աշխատում է 1999 թվականից։