Մի պարգև կար, որն այդպես էլ չստացավ... ինչի՞ մասին էր երազում Սուրեն Գյանջումյանը

Պարի լեզուն անկրկնելի է, թարգմանության կարիք էլ չունի. ինքն իր մեջ ամփոփված արվեստ է, որը բաց ու հասանելի է յուրաքանչյուրիս համար։ Մյուս լեզուներից էլ տարբերվում է նախևառաջ հասանելիությամբ, բայց վարպետի ձեռքը, թեկուզ անտեսանելի, ինչպես օրինակ Սուրեն Գյանջումյանին էր, սովորական համերգային համարն արվեստի է վերածում։
Sputnik

Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը 87 տարեկանում հեռացավ կյանքից` հայկական բեմին նվիրելով իր հիասքանչ բեմադրությունները։

Ժողովրդական պարը (ինչպես նաև ժողովրդական երաժշտությունը) ամեն մեկը յուրովի է ընկալում, իսկ հայկական մեկնաբանությունը հաճախ հանգեցնում է խոշոր վեճերի, որոնք երբեմն բուռն հույզերի պատճառ են դառնում։

Կյանքից հեռացել է Սուրեն Գյանջումյանը

Բալետի հայտնի արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը լավ գիտեր` ինչի մասին էր տարիներ առաջ խոսում, երբ ասում էր` խոսակցություններն այն մասին, թե ազգային պարը հեռանում է ակունքներից ու արմատներից, զայրացնող են։ Հայաստանի Պարի պետական անսամբլը, օրինակ, աշխարհահռչակ է դարձել, քանի որ հետևել է ազգային ավանդույթին` միաժամանակ համահունչ մնալով արագությամբ փոփոխվող աշխարհին։

Սուրեն Գյանջումյանն ամբողջ կյանքի ընթացքում հենց ազգային պար էր սովորեցնում բոլորին` երեխաներին, ուսանողներին, սկսնակներին ու կայացած մասնագետներին։ Նրա ջանքերով են ստեղծվել «Բերդը», «Շորորը», «Հայ քաջերը», «Շալախոն», «Եղեգնաձորցիներն» ու «Էրեբունին»։ Միաժամանակ մենք տեսել ենք նրա բեմադրած «Օսեթականը», «Մոլդովականը», «Գնչուականը», «Վրացական զույգ պարը»։

Նա վստահ էր, որ պարը, հատկապես` ազգային պարը, ադամանդ է, որը սպասում է իրեն հղկողին։ Ու նա իր ամբողջ կյանքի ընթացքում հղկում էր։ Նա կարողանում էր պարի մեջ անմահացնել խմորի հունցելը, թել մանելը, գործելն ու լվացք անելը։ Վարպետը նույնիսկ սխտոր մանրացնելն էր ֆիքսել պարողների շարժումների մեջ։

Ինչ–որ մեկը կարող է ասել, որ Գյանջյումյանը ոչ թե աշխարհահռչակ պարի խումբ էր ղեկավարում, այլ ալյումինի ֆաբրիկայի անսամբլը։ Բայց արի ու փորձիր նման համույթը ղեկավարել, հետո էլ այնպիսի ճանաչման հասցնել, ինչպիսին Սուրեն Գյանջումյանը հասցրեց։

Հետո էլ փորձիր խնամքով հավաքած ժողովրդական իմաստությամբ այնպես ապրել, որ այդ իմաստությունը չկորչի ու չձուլվի նոր հոսանքներին, որոնք սպառնում են յուրաքանչյուր վարպետին։ Գյանջումյանը փորձեց, ու նրա մոտ ստացվեց. բազմաթիվ պարգևներն են վկայում դրա մասին։

Ցավոք, մի պարգև կար, որը նա այդպես էլ չստացավ, բայց որի մասին միշտ երազում էր` պարով նշել իր հարյուրամյակը։