Դատարանի մոտ վիճակը լարված է. նիստին ընդառաջ մեկնարկել են բողոքի ակցիաները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց ոստիկանները փորձում են կանխել հնարավոր բախումները՝ կողմերին հորդորելով միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց լարված իրավիճակ է։ Այստեղ շուրջ մեկ ժամից մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստը։

Նիստից ավելի քան 2 ժամ առաջ դատարանի հարակից տարածքում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա ազատման դեմ բողոքի ակցիա իրականացնողները։

Ռոբերտ Քոչարյանի դատից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բողոքի ակցիա իրականացնող երկու խմբերի միջև իրավիճակը պարբերաբար լարվում է, հնչու են փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ։

Ոստիկանները փորձում են կանխել հնարավոր բախումները՝ կողմերին հորդորելով միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։

Ամբաստանյալներից դատարանում ներկա էր միայն Ռոբերտ Քոչարյանը։ Դատախազական թիմը դատարանում գլխավորում է ՀՀ ԳԴ Արթուր Դավթյանը։

Դատական նիստը ընդհատվեց, քանի որ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Դատարանի որոշումը միջնորդության վերաբերյալ կհրապարակվի այսօրվա նիստում։

Նշենք, որ երեկ նույնպես դատարանի բակում հավաքված էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։ Նիստն ուղեկցվում էր դատարանի բակում պարբերաբար ընդհարումներով։