70–ականների առաջին կեսին Զառայի հայրն ընդունել է Վախթանգովի թատրոնի հրավերը և ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա։ Նա իր ավանդ է ունեցել վախթանգովյան բեմում ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Ռիչարդ III» ներկայացման մեջ։
Այդ ժամանակ Զառան արդեն երեք տարեկանից մանկական դերեր է խաղացել երևանյան ներկայացումներում։ Նրա առաջին հոնորարը եղել է 30 ռուբլի։ Այդ գումարով մայրը գնել է արծաթե գդալներ, որոնք տարիներ անց Զառայի հարսանիքին նվեր է տվել։
Նրա կյանքի մոսկովյան շրջանը հիմնականում ընթացել է վախթանգովյան թատրոնում։ Զառան հիշում է, թե ինչպես է փորձերին նրանց մոտ եկել Կոմկուսի կենտկոմի ամենազոր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ Նա դահլիճից հետևել է դերասանների աշխատանքին, բայց իրականում նրան հետաքրքրել է միայն Էլինա Բիստրիցկայան, որին նա բացահայտ համակրել է։ Զառան հիշում է, թե ինչպես է դերասանուհին սեթևեթել և կատակներ արել Լեոնիդ Իլյիչի հետ։
Թատրոնից գնալուց առաջ Բրեժնևն անպայման շփվել է բեմի «ծառաների» երեխաների հետ, գրկել նրանց և իրեն բնորոշ սովորության համաձայն` համբուրել։ Զառան իր այտերի վրա զգացել է նրա հայտնի թաց համբույրներն ու ասում է, որ դա իսկապես տհաճ էր, թեև պատվաբեր։
«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ վառ պատմություններին։