Շարունակելու ենք փրկել կյանքեր՝ անկախ «Գարդասիլի» դեմ անհիմն մեղադրանքներից. նախարար

Արսեն Թորոսյանը նույնպես պատվաստվել է պապիլոմա վարակի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ-ն շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ «Գարդասիլի» դեմ անհիմն մեղադրանքներից։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով մարդու պապիլոմա վարակի դեմ պատվաստումների մասին։

Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

«Ինչպես աշխարհի շատ երկրներ, Հայաստանը նույնպես որոշել է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Պատվաստումների ազգային օրացույցում ավելացվել է մարդու արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումը, այս դեպքում՝ «Գարդասիլ 4–ը»։ Մեր միջազգային գործընկերները «Գարդասիլի» առաջին խմբաքանակը մեզ նվիրել են, իսկ հաջորդ տարիների համար այն պատրաստ են վաճառել 25 անգամ էժան գնով»,–ասաց Թորոսյանը։

Ի դեպ, ի սկզբանե նախատեսված էր պատվաստել միայն 13 տարեկան աղջիկներին, սակայն այս տարվանից տարիքային շեմը բարձրացվել է մինչև 45 տարեկան։ Նախարարի խոսքով` պատվաստման համար տարիքային շեմը բարձրացնելուց հետո ամսական 1500 պատվաստման դեպք են արձանագրում` ի տարբերություն նախորդ ամիսների` մի քանի տասնյակ դեպքերի։

«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և վստահ եմ, որ մեր հաստատակամ քայլերն ու անհիմն բղավոցները լռեցնելն իր արդյունքը տալու է`մայրերը, աղջիկները հասկանալու են, որ իրենց պաշտպանելու համար պատվաստանյութը կարևոր է»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են 2017թ-ի դեկտեմբերի 11-ից։ Թիրախային խումբ են ընտրվել 13 տարեկան աղջիկները, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական հարաբերությունը։

Պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով։ Հրաժարվելու դեպքում ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա և ձեռագիր հրաժարական գրի` հավաստելով, որ իրազեկված է հնարավոր հետևանքների մասին։