Ռոբերտ Քոչարյանի դատից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բերման էր ենթարկվել նաև TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Մայիս — Sputnik. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո մի քանի անձ բերման էր ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պատճառը Վարդգես Գասպարիի մասնակցությամբ եղած միջադեպն է եղել, որը գրանցվել է նրա և ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների միջև:

Sputnik Արմենիայի տեղեկություններով բերման էին ենթարկվել 3 մարդ, որոնց մեջ էր նաև TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ դատարանին հարակից տարածքից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա  էին իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը հայտնելու ՀՀ երկրորդ նախագահին՝ պահանջելով արդար դատաքննություն։