Ովքե՞ր են Մարտի 1-ի գործով վկաները. նախկին նախագահները կկանչվե՞ն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ քրեական գործով վկաների ցուցակը 800 հոգանոց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով մեղադրող կողմը վկաների 800 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Այս մասին այսօր դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Այս պահի դրությամբ իրենք ներկայացրել են 800-ից ավելի անունից բաղկացած մի ցուցակ։ Մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք, եթե չեմ սխալվում, 10 հոգանոց ցուցակ»,– ասաց Ալումյանը։

Մարտի 1-ի դատն ընդհատվեց. ներկաները դահլիճից հեռացան «ազատություն» և «ամոթ» վանկարկելով

Փաստաբանի տեղեկություններով` դատախազական կողմի ցուցակում են նաև ՀՀ 2 նախկին նախագահները` Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։

Պաշտպանական կողմի ցուցակը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց թվում է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ կա այսպիսի դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում, առանց մասնավորեցման, թե որ դատավորների նկատմամբ է եղել և ինչով է արտահայտվել այդ ճնշումը։ Ինչ–որ անհասկանալի ձևով ընտրվել է 2 դատավոր և ամբողջ նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննվել»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ երկու դատավորներն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։

Այդ է պատճառը, որ Քոչարյանի պաշտպանները որոշել են դատարան վկայակոչեն ՍԴ մյուս դատավորներին և նրանցից ևս ճշտելու` եղել է ճնշում, թե՞ ոչ։

Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ իրենց վկաների ցուցակում են նաև Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը և այլք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին դատարան կանչելու միջնորդություն փաստաբանական խումբն առայժմ չի ներկայացրել, քանի որ, Ալումյանի խոսքով, նա այսօր գործող վարչապետն է և նրա ներկայությունը մեծ հետաքրքրություն կառաջացնի։