Նիկոլ Փաշինյանն արդեն Լյուքսեմբուրգում է. ի՞նչ է նախատեսված այցի ընթացքում

Օրվա երկրորդ կեսին վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Լյուքսեմբուրգում է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Նշենք, որ վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

Հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի 3 կողմերի համար. Փաշինյանի ուղերձը

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ` տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:

Օրվա երկրորդ կեսին վարչապետը կմեկնի Բրյուսել: Բելգիայի մայրաքաղաքում արդեն Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: