Մանվել և Նազիկ Գրիգորյանների դատական նիստից լրագրողներին դուրս հանեցին

Դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների պահանջը` նիստից լրագրողներին հեռացնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արգելեց նկարահանումներ իրականացնել ԵԿՄ նախկին նախագահ և նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ նկատմամբ ընթացող դատական նիստին։

Ուղիղ հեռարձակումը դադարեցվեց, լրագրողներին հրահանգեցին լքել դահլիճը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը կդիմի Եվրոպական դատարան

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով դատական նիստի ժամանակ տեսանկարահանում և լուսանկարահանում կարելի է իրականացնել միայն դատարանի որոշմամբ։

«Հաշվի առնելով, որ դատական նիստի սկզբում ամբաստանյալ Գրիգորյանի պաշտպանները համաձայնություն չտվեցին, որ դատական նիստի նկարահանում կատարվի, քանի որ դատական նիստի ընթացքում անձնական տվյալների մշակում պետք է տեղի ունենա, դատարանը որոշում է նիստի ընթացքում տեսա և լուսանկարահանում իրականացնելու լրատվամիջոցների միջնորդությունը մերժել և տեսա և լուսանկարահանումը արգելել»,– հայտարարեց դատավորը` 2 րոպե ժամանակ տալով լրատվամիջոցներին դահլիճը լքելու համար և զգուշացնելով, որ դատարանի որոշմանը չենթարկվելը կարող է պատասխանատվության խնդիր առաջացնել։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին խոստացավ մեկնաբանություն տալ նիստից դուրս գալուց հետո։

Հիշեցնենք` Գրիգորյանների նկատմամբ դատավարությունը մեկնարկել էր մայիսի 2-ին։ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատական նիստին։ Ներկա էր միայն Մանվել Գրիգորյանի կինը, նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։