Կարևոր է ԵՄ–ի աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարն ասել է նաև, որ Հայաստանը հանձնառու է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում: Այս մասին Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է Մնացականյանը։

Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք. Աշոտյանը` Փաշինյանին

«Մնացականյանը կարևորել է նաև ԵՄ աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Ընդգծվել է, որ այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Նախարարն ասել է նաև, որ Հայաստանը հանձնառու է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 13-14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսել է: