«Իմ քայլի» պատգամավորին էլ են ստուգում. անվտանգությունը չափն անցնո՞ւմ է

Ում և ինչպես են ստուգում ԱԺ մուտք գործելիս. խորհրդարանում այս հարցի շուրջ տեսակետները տարբեր են, բայց շատերն են կարծում, որ անվտանգությունը չափն անցնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հիասթափված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից։ Այսօր ԱԺ–ում նա այդ մասին ասաց լրագրողներին։

«Մի քիչ հիասթափված եմ Մարուքյանից, որովհետև եթե ինձ հարցներ, ես իրեն կասեի, որ իմ պայուսակը նույնպես ստուգում են։ Սա բացարձակ կապ չունի ընդդիմադիր լինելու կամ չլինելու հետ։ Անվտանգության ռեժիմը նույնն է բոլորի համար»,– ասաց նա` անդրադառնալով Ազգային ժողով մուտք գործող պատգամավորներին առավել խիստ ստուգելու թեմային։

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ևս հայտնեց, որ իր ավտոմեքենան նույնպես ԱԺ մուտք գործելիս ստուգում են։

«Բայց ինչ վերաբերում է պայուսակի ստուգմանը, մի քիչ անվտանգությունը չափն անցնում է կամ անցել է։ Ես զգուշացրել եմ իրենց, և իրենք հասկացել են, որ պայուսակի ստուգումն արդեն մի քիչ այլ ռեժիմ է, և իրենք պետք է վերանայեն այդ հատվածները»,– ասաց Քոչարյանը։

Իվետա Տոնոյանի պայուսակն էլ են ստուգում ԱԺ–ում

Իսկ մեքենան ստուգելը նա բնական է համարում, հատկապես հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո։

«Մի մոռացեք, որ դեռ կասկածներ կան, որ հոկտեմբերի 27-ին զենքերը նախօրոք են բերվել ԱԺ»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այդ հարցով դիմել է ԱԺ անվտանգությունն ապահովող աշխատակիցների ղեկավարությանը։ Պայմանավորվել են քննարկել ու որոշ կարգեր վերանայել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ էլ` ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Տիգրան Գալստյանը ծայրաստիճան շատ ուշադրություն է դարձնում անվտանգության հարցերին և նույնիսկ «երբեմն չափն անցնում է»։

«Երբեմն մեքենաների դարակներն են նույնիսկ ստուգվում։ Բայց դա արվում է, ինչպես հասկանում եմ, ոչ բոլոր պատգամավորների դեպքում։ Համենայն դեպս, փոխխոսնակներին գիտեմ, որ չեն ստուգում»,– ասաց Գորգիսյանը։

Նրա խոսքով` անվտանգություն պետք է, բայց դա պետք է արվի գրագետ կերպով։

Հիշեցնենք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր, որ վերջին օրերին ԱԺ տարածք մուտք գործելիս իրեն ու իր ծառայողական ավտոմեքենան ստուգում են խստացված ռեժիմով։ Զոհրաբյանը շեշտել էր, որ եթե օրվա մեջ 10 անգամ մտնի ԱԺ, 10 անգամն էլ մանրազնին ստուգվում է։

Գրեթե միաժամանակ նույն խնդրի մասին էր բարձրաձայնել նաև ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա այդ խնդրով դիմել էր նաև վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։