Ոստիկանությունը չի տալիս Դորենկոյի դին. փորձաքննությունների կարիք կա

Տրոեկուրովսկոյեի գերեզմանատանը Սերգեյ Դորենկոյին հրաժեշտ տալու արարողությունը չեղարկվել է, ոստիկանությունն արգելել է հանձնել դին լրագրողի այրիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Օրերս մահացած լրագրող Սերգեյ Դորենկոն վերջին երեք տարիների ընթացքում մի քանի անգամ սրտի հետազոտություն է անցել։ Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է նրա այրին՝ Յուլյան։

Դորենկոն մահացել է Մոսկվայում մայիսի 2–ին մոտոցիկլետով երթևեկելիս։ Ավելի ուշ ռադիոկայանը, հղում անելով դատաբժշկական փորձաքննության եզրահանգմանը, հայտնել է, որ նա մահացել է սրտի աորտայի շերտազատումից։

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն. պատահարի տեսանյութը

Այրիի խոսքով՝ նրա մոտ դեռ 2016 թվականին աորտայի հետ կապված հիվանդություն են հայտնաբերել։ Վիրահատության կարիք չկար, այդ պատճառով հետագա տարիներին նա պարզապես հիվանդությունը վերահսկելու համար ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում։

Սերգեյ Դորենկոն գիտեր սրտի հետ կապված խնդիրների մասին, մշտապես ճնշումն իջեցնող դեղեր էր ընդունում։ Բժշկական բոլոր փաստաթղթերն արդեն փոխանցվել են ոստիկանություն։

Մինչդեռ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը ՌԻԱ Նոսվոտսինն տված հարցազրույցում ասել է, որ ամենայն հավանականությամբ Սերգեյ Դորենկոն գիտեր գերճնշման մասին, որը հավանաբար նրա մահվան պատճառն է եղել։

«Նա, իհարկե, գիտեր։ Գիտեր, որ իր ճնշումը բարձրանում է, դա հաստատ է։ Նման ճնշման դեպքում ստուգում են սիրտը, անոթները... Իսկ մահվան պատճառն անևրիզմն է», - նշել է  Մամոնտովը։

Նա ասել է նաև, որ չնայած հուղարկավորության օրը փոխվել է, բազում մարդիկ գնացել են գերեզմանատուն ու հավաքվել ռադիոկայանի խմբագրության  մոտ։

Յուլյանն էլ հավելել է, որ ամուսինն առաջին ամուսնությունից ծնված դուստրերի հետ բարդ հարաբերությունների մեջ էր։ Նա մի քանի տարի չէր շփվել Եկատերինայի հետ, Քսենյայի հետ տարին մի երկու անգամ հեռախոսով էր խոսում։ Նրանք չէին կարող իմանալ հոր առողջական վիճակի մասին։ Իսկ այրին նշել է, որ Սերգեյը դեմ էր, որ իրեն հուղարկավորեն, նա ուզում էր դիակիզվեր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Դորենկոյի հուղարկավորությունն այսօր չի կայանա։ Ոստիկանությունն արգելել է մարմինը հանձնել լրագրողի այրիին։ Որոշում է  կայացվել կրկնակի փորձաքննություն անցկացնել, քանի որ Դորենկոյի դուստրերը ոստիկանությանը հայտնել են, որ հնարավոր է՝ իրենց հորը թունավորել են։

Մահվան հաջորդ օրը բարեկամների միջև վիճաբանություն էր ծագել։ Դորենկոյի երեխաները պնդում են, որ նրան հուղարկավորեն, իսկ կինը կողմ է դիակիզմանը։ Լրագրողի դուստրերի կարծիքով, նրան թունավորել են, իսկ դիակիզումը կարող է թաքցնել սպանության հետքերը։