ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի– Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին:
Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին, և այս տարիների ընթացքում հայկական կողմերը մշտապես հավատարիմ են եղել և շարունակելու են հավատարիմ մնալ այդ կարևորագույն համաձայնագրի իրականացմանը:
Քառորդ դար է անցել այդ պահից, որի ընթացքում հրադադարը, ցավոք, չի վերածվել խաղաղության։
«Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Առարկայական բանակցություններ և արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները»,–ասված է վարչապետի ուղերձում։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ եռակողմ համաձայնությունն այն իրական հիմքն է, որի հիման վրա հնարավոր է կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն
«Ցանկանում եմ շեշտել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատրաստ եմ երաշխավորել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի պահպանման համաձայնագրի իրականացմանն ու ջանքեր ներդնել՝ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով՝ շարունակելով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:
Հրադադարի շարունակական պահպանումն ու երկխոսությունը խնդրի հանգուցալուծման միջոցներից, թերևս, կարևորագույններն են։ Անհրաժեշտ է զերծ մնալ ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից։
Աշխարհում գոյություն չունի որևէ ժողովուրդ, որը խաղաղություն չի ցանկանում։ Եվ չենք կարծում, որ գոյություն ունի որևէ ծնող, ով սահմանին կանգնած իր զավակի համար չցանկանա անամպ երկինք»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու առաջընթացի և կոչ արել բոլորին գործել հանուն այս նպատակների։