Հայաստանի «անտրամաբանական» հասցեներն առաջիկայում կփոխվեն

Անշարժ գույքի կադաստրում որոշել են վերանայել Հայաստանի համայնքների հասցեները։ Չի բացառվում, որ բարեփոխումների արդյունքում հասցեներ փոխվեն, քաղաքացիներից շատերին բնակարանների նոր հասցեներ տրամադրվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանում փորձելու են լուծել հասցեների հետ կապված խնդիրները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պետ Սարհատ Պետրոսյանը։

«Մենք փորձելու ենք մեկընդմիշտ մոռանալ տարբեր կերպ գրված հասցեները, անտրամաբանական համարակալումները, քարտեզներում բացակայող հասցեներն ու էլի շատ մանր-մունր խնդիրների, որոնց առերեսվում ենք յուրաքանչյուր օր»,– նշել է նա։

Պետրոսյանի խոսքով` սա «նոր կադաստրում» նախաձեռնած կարեւոր բարեփոխումներից մեկն է, որը քաղաքացիների կյանքը հեշտացնելուց բացի, նպաստելու է նաև տնտեսության տարբեր ոլորտների` զբոսաշրջության, լոգիստիկայի, տաքսի ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։

Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը

Կադաստրի այս առաջարկը, ի դեպ, երեկ կառավարության նիստում արժանացավ նաև ՀՀ կառավարության հավանությանը։

Բարեփոխման հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի հասցեների ռեեստրը և պարզել, որ այն պարունակում է մեծ թվով սխալ և թերի տեղեկություններ, բազմաթիվ համայնքներում նոր հասցեները չեն գրանցվել, կատարված փոփոխությունները չեն ներառվել հասցեների ռեեստրում ու քարտեզներում։