Հավի միսն ու հացը էլի կթանկանա՞ն. տնտեսագետը խոսել է բոլորին առնչվող խնդրի մասին

Տնտեսագետը բացատրում է, թե ինչու են Հայաստանում թանկացել հավի միսն ու ալյուրը։ Նա կարծում է, որ գործընթացը կշարունակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 – Sputnik. Եթե Հայաստանի կառավարությունը գործնական քայլեր չձեռնարկի, ապա ալյուրի, հավի մսի և մի շարք այլ մթերքների գները կշարունակեն աճել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի աշխատակից, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Պարսյան․ «Հայաստանը դեռևս կախվածություն ունի «ամերիկյան բդիկներից»»

Պաշտոնական տվյալների համաձայն` նախորդ տարվա ապրիլի համեմատ ալյուրի գինն աճել է 6,2%–ով, իսկ 5,3%–ով թանկացել է հացը։ Թանկացել է նաև այլ հացաբուլկեղենը։ Հավի մսի գինը բարձրացել է 13,4%–ով։

Փորձագետի խոսքով` հավի մսի թանկացումը պայմանավորված է 2019 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքի 4%–անոց աճով։ Ընդ որում, Պարսյանը համոզված է, որ հավի մսի թանկացումից կարելի էր խուսափել, եթե կարգավորվեր տեղական արտադրությունը և «ամերիկյան բդիկների» ներկրման անհրաժեշտություն չլիներ։

«Ինչ վերաբերում է ալյուրին, ապա այդ շուկայում մի քանի խոշոր խաղացող կա, որոնք կարող են պայմանավորվել և բարձրացնել գները։ Հետևաբար պետք է զարգացնել գյուղատնտեսական ոլորտը, կրճատել ցորենի ներկրման մասնաբաժինը և ավելացնել տեղական ալյուրի արտադրությունը», – ընդգծեց Պարսյանը։

Փորձագետի կարծիքով` հացաբուլկեղենի գների աճը պայմանավորված է նաև անցած տարվա ընթացքում գյուղատնտեսական ոլորտի անբարենպաստ արդյունքներով, երբ ցորենի պակասուրդ կար։

Կառավարությունը փորձում է նվազեցնել դեղերի գները. Փաշինյանի հանձնարարականը

Պարսյանը նշեց, որ պետությունը պետք է լրջորեն զբաղվի այնպիսի ծրագրերի մշակմամբ, որոնք գյուղատնտեսական ոլորտը պակաս ռիսկային կդարձնեն և հնարավորություն կտան տեղական արտադրողին իրացնել սեփական արտադրանքը։

Այս համատեքստում տնտեսագետը էական սխալ է համարում գյուղնախարարության օպտիմալացումը։ Նրա կարծիքով` սա խնդիրների կհանգեցնի գյուղմթերքի կառավարման ոլորտում, իսկ կառավարությունը չի կարողանա վերահսկել ոլորտը։

ԱԺ–ն մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին, ինչի արդյունքում նախարարությունների թիվը կրճատվեց` դառնալով 12։ Գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միավորվում են էկոնոմիկայի նախարարության կազմում։