Բացն ու թափանցիկն էլ չօգնեց. Շիրակի համալսարանը կրկին մնաց առանց ռեկտորի

Շիրակի համալսարանի ռեկտորի պաշտոնի երկու հավակնորդները սպառնացել են դիմել դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մայիսի 11-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտորի` ավելի քան 9 ժամ տևած ընտրությունից հետո երկրորդ փուլով առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու թեկնածուները կրկին չկարողացան հաղթահարել անցողիկ 51 տոկոսի շեմը:

Հոգաբարձուների խորհրդի 24 անդամից 20-ի ներկայությամբ անցկացվող ընտրության առաջին փուլով առավելագույն՝ 6–ական ձայն էին հավաքել Լուսինե Ֆլջյանը և Անդրանիկ Սարգսյանը: Երկրորդ փուլի արդյունքում մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանի օգտին գրանցվել էր 9, իսկ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի օգտին` 6 քվե, 5 քվեաթերթիկում նշված էր «բոլորին դեմ եմ» տարբերակը:

Ի դեպ, ռեկտորի ընտրության հայտարարած մրցույթին ներկայացրել էին 6 հայտ, սակայն նրանցից 2-ին խորհուրդը որոշել էր չգրանցել որպես թեկնածու` հայտունակ չլինելու պատճառով: «Ի գիտություն ձեզ նշեմ, որ այս երկու հավակնորդները սպառնացել են դիմել դատարան՝ իրենց որպես թեկնածու չգրանցելու պատճառով»,- նիստի ժամանակ նշեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այսպիսով` ռեկտորի աթոռի համար պայքարում էին 4 թեկնածու` Անդրանիկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Լուսինե Ֆլջյանը և Սամվել Ալեքսանյանը: Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը երկրորդ անգամ էին մասնակցում մրցույթին:

Շիրակի պետական համալսարանը կրկին մնաց առանց ռեկտորի. ի՞նչն էր պատճառը

Ընտրությունից ու հարցուպատասխանից առաջ բոլոր թեկնածուները ներկայացրին բուհի զարգացման իրենց հայեցակարգը:

«Նմանատիպ ընտրության ճանապարհ ոչ մի բուհ չի անցել»,- նշեց Բարսեղյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտին ընդգծեց՝ ընտրությունը հանրության աչքի առաջ էր, բաց, թափանցիկ ու մասնակցային:

Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական էր ներկայացրել 2018 թվականի մայիսի 15-ին: Ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Թե երբ է կայանալու ռեկտորի հաջորդ ընտրությունները, առաջիկա նիստի ընթացքում կորոշի բուհի հոգաբարձուների խորհուրդը: