Տուգանված գազալցակայանների մի մասը պատկանում է Ծառուկյանին

33 գազալցակայան ստիպված կլինեն իրենց կատարած խախտումների դիմաց 22 մլրդ դրամ վճարել։ Ծառուկյանն ու մյուս սեփականատերերը դիմել են դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Պետական մարմինների ուսումնասիրությունների արդյունքում տուգանված 33 գազալցակայանների թվում կան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանողներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Թե ինչ խախտումներ են հայտնաբերվել և ինչ հիմքով են կայացվել տուգանքի որոշումները, Անանյանը չմանրամասնեց։

Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել

«Մեր գործողությունները որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում և Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների վերաբերյալ մենք մեկ անգամ չէ, որ գործողություններ ենք իրականացնում»,– ասաց Անանյանը` հավելելով, որ Ծառուկյանի լցակայանների ու պետական մարմինների միջև եղած անհամաձայնություններն այժմ արդեն տեղափոխվել են դատական դաշտ։

Հիշեցնենք` մայիսի 8-ին ԱԺ–ում, պատասխանելով գազի գնի մասին հարցերին, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՊԵԿ–ի ու շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցների ուսումնասիրություններով` Հայաստանի 33 գազալցակայանների նկատմամբ 22 մլրդ դրամի տուգանքի ակտ է կայացվել։ Դրանք այժմ բողոքարկվում են դատարաններում։

Մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ է գանձվում ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։

Գազի գինը դրա արդյունքում կառավարության հաշվարկով չպիտի փոփոխվեր։ Բայց վաճառքի կարգի փոփոխությունից հետո կառավարության հաշվարկած` 1 կգ 270 դրամի փոխարեն որոշ լցակայաններում գազը վաճառվում է մինչև 310 դրամ արժեքով։