Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի երկրի ռազմական ներուժը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի բակից դիմել է Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպած զորահանդեսի մասնակիցներին և հյուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի դասերը նախկինի պես արդիական են, Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն բան պաշտպանական ներուժն ապահովելու և զինվորական ծառայության համբավն ամրապնդելու համար։ Այսօր Կրեմլի բակում կայացած միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք արել ենք և կանենք անհրաժեշտ ամեն բան` ապահովելու մեր Զինված ուժերի բարձր մարտունակությունը, ամենաբարձր մակարդակի պաշտպանական ներուժը։ Հետագայում ևս կամրապնդենք զինվորական ծառայության համբավը, Հայրենիքի պաշտպան զինվորների և սպաների հեղինակությունը», – հայտարարել է Պուտինը Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ։

Նրա խոսքով` տարեցտարի ավելի սուր է զգացվում Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի «անօրինակ սխրանքի բարոյական հզորությունը»։ Պուտինն ընդգծել է, որ հայրենիքը պաշտպանել և փրկել է հենց ժողովուրդը` դառնալով «հույս, զորավիգ ողջ մարդկության համար, Եվրոպայի ժողովուրդների գլխավոր ազատարար»։

Փաշինյանը հրապարակել է իր երեխաների լուսանկարն ու շնորհավորել հայ ժողովրդին

«Ռուսաստանի պատմության մեջ հաղթանակները շատ են, սակայն հատուկ տեղ ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, որը հատուցում դարձավ նացիստներին իրենց վայրագությունների համար, նրա համար, որ իրենց բարձր ռասա էին երևակայել և պատերազմ սկսել», – ասել է նա։

Պուտինը հիշեցրել է, որ Բրեստի ամրոցի կայազորը առաջիններից մեկն է իր վրա վերցրել զավթիչների հարվածը։ Ամրոցի պաշտպանները «սերունդների համար պատերին գրառումներ են թողել, որոնցից այսօր էլ երդման և խրատի պես են հնչում. մահանում եմ, բայց չեմ հանձնվում»։ Այդ երդմանը հավատարիմ են այսօրվա հայրենիքի պաշտպանները։

Պուտինը նաև նշել է, որ մի շարք պետություններում նացիստներին կուռք են դարձնում, ինչն անթույլատրելի է։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է` Հայրենական մեծ պատերազմի իրական հերոսների հիշատակը պահպանելը սուրբ պարտք է։