Ծաղիկներ ու երթ. ինչպես Հաղթանակի տոնը նշվեց Հաղթանակի զբոսայգում. տեսանյութ

Հաղթանակի զբոսայգին բազմամարդ էր` պաշտոնյաներ, դիվանագետներ ու հասարակ մարդիկ, որոնք հիշում ու գնահատում են հաղթանակը։ Հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի և 102-րդ ռուսական ռազմակայանի համահավաք ստորաբաժանումները։
Sputnik

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կառավարության անդամների ուղեկցությամբ, ծաղկեպսակներ դրեցին Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Արարողությանը ներկա էին նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները։

Չէի պատկերացնում, որ Հայաստանում Հաղթանակի օրը նման ջերմությամբ են նշում. ՌԴ դեսպան

Արարողությանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը, որին մասնակցեցին ՀՀ Զինված ուժերի և Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի համահավաք ստորաբաժանումները։

«Հաղթանակը վաղեմության ժամկետ չունի։ Հաղթանակի զգացումը մեզ հետ է մնում միշտ։ Եթե ճշգրիտ օրը ունենայինք, հավանաբար կնշեինք նաև Ավարայրի ճակատամարտի հաղթանակի օրը: Մեր հաղթանակներն առանձնահատուկ են, որովհետև դրանք մեր ազգի, ազգային հաղթանակներ են», –լրագրողներին ասաց նախագահը։

Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են ավելի քան 600 հազար հայ։ Նրանցից 100–ից ավելին արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հայ ժողովուրդը 4 մարշալ և նավատորմի ծովակալ է տվել։